Ամանորյա տոներն արդեն սկսված են: Դա նշանակում է՝ եկել է զվարճությունների և հավելյալ գնումների ժամանակը: Այս տոնին բոլորս անհամբեր սպասում ենք նվերներ ստանալուն, մինչդեռ լավագույն նվերը, որ կարող ենք ինքներս մեզ անել այս սեզոնի ընթացքում, ֆինանսական լավ որոշումներ կայացնելն է:
Կազմեք տոնական բյուջե
Նախքան գնումները սկսելը, կարևոր է կազմել բյուջե, որը կներառի բոլոր կատարվելիք ծախսերը տոներին նախապատրաստվելու համար: Բյուջեի միջոցով կարող եք հեշտորեն հասկանալ, թե որքանով են ձեր նախատեսած ծախսերը համապատասխանում ձեր եկամտին: Ընդ որում՝ հարկավոր է դասավորել ծախսերն ըստ կարևորության և գնել միայն այն ապրանքները, որոնք գտնվում են ցուցակի վերևում և չեն գերազանցում ձեր եկամտին: Մի մոռացեք նաև հետագայում համեմատել կատարված իրական ծախսերը ձեր բյուջեի հետ:
Օգտվեք առաջարկներից և զեղչերից
Տոնական սեզոնի ընթացքում ընկերությունները հաճախ հանդես են գալիս տարբեր գրավիչ առաջարկներով: Դրանք կարող են լինել մեծ զեղչերի, կանխիկի վերադարձի, տնային անվճար առաքումների, հին իրերի փոխանակման և այլնի տեսքով: Թեև սրանցից շատերը ձեզ կօգնեն հարմար գնով ապրանքներ ձեռք բերել և գումար խնայել, հիշեք, որ պետք չէ գնել այն, ինչի կարիքը չունեք, որքան էլ առաջարկը գրավիչ լինի:
Խուսափեք անհարկի վարկերից
Ծախսեք միայն ձեր հաշվին առկա գումարը: Եթե անհրաժեշտ է վարկ վերցնել (օրինակ՝ խոշոր գնումների համար, ինչպիսիք են տեխնիկան և կահույքը), համոզվեք, որ ձեր հետագա բյուջեում ներառել եք նաև վճարման ենթակա տոկոսները: Սակայն հնարավորինս խուսափեք անհարկի վարկեր վերցնելուց՝ ապագայում «պարտքի ծուղակի» մեջ չընկնելու համար։
Համեմատեք տարբեր խանութներում առկա գները
Շատերը սխալվում են՝ կարծելով, թե անիմաստ է համեմատել գները, քանի որ հնարավոր խնայողությունները շատ փոքր կլինեն ծախսված ժամանակի համեմատ: Այդուհանդերձ, հիշեք, որ շատ խանութներ տոների ընթացքում մեծ զեղչեր են առաջարկում հաճախորդներին գրավելու համար: Հետևաբար, գները համեմատելը միգուցե օգնի գտնել ամենաշահավետ առաջարկը և խնայած գումարն օգտագործել մեկ այլ ուղղությամբ:
Մի շրջանցեք ձեր ամսական ներդրումները
Սա, թերևս, ամենակարևոր խորհուրդն է այս ցանկում: Տոնական սեզոնի ընթացքում շատերը կրճատում են ներդրումները և այդ գումարն ուղղում գնումներին: Սակայն տոների ընթացքում ևս պետք է ծախսել միայն ներդրումներին գումար հատկացնելուց հետո։ Չէ՞ որ կանոնավոր ներդրումները երկարաժամկետ հարստության ստեղծման և ձեր ֆինանսական նպատակներին հասնելու բանալին են: Մի դադարեցրեք դրանք նույնիսկ, երբ հարկավոր է հավելյալ ծախսեր կատարել:
Հուսով ենք, որ այս խորհուրդները ձեզ կօգնեն ավելի լավ կառավարել ձեր ֆինանսներն այս տոների ընթացքում:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։