Հուլիսի 24-ին կայացել է ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) մշակման և իրագործման հանձնաժողովի 28-րդ նիստը, որը նախագահում էր Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը: Նիստին ներկա էին գործընկեր նախարարությունների ներկայացուցիչներ, ֆինանսական համակարգի գործընկերներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Նիստին ընդգվծվել է, որ 2025 թ. 2-րդ եռամսյակը բավականին հագեցած և արդյունավետ էր՝ ֆինանսական կրթման միջոցառումների առումով։ Մասնավորապես՝ մեկնարկել է ՀՀ բնակչության ֆինանսական ունակությունների գնահատումը, որի արդյունքերները հաշվի կառնվեն ՖԿԾ հաջորդող հինգ տարիների շրջափուլը վերանայելիս:
2-րդ եռամսյակում իրականացված կրթական նախաձեռնությունների շարքում ամենաակտիվ ծրագրերից էր մարտին իրականացված «Փողի միջազգային շաբաթը», որին Կենտրոնական բանկը մասնակցում է շուրջ 10 տարի և Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացնում է մի շարք միջոցառումներ։ Այս տարվա թեման ֆինանսական զեղծարությունները և խարդախություններն էին, որի ներքո Կենտրոնական բանկը համագործակցել է մեծ լսարան ունեցող ինֆլյուենսերների հետ և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում իրականացրել տեղեկատվական արշավ: Շարունակվել են ՀՀ մարզերում իրականացվող ծրագրերը:
Միջազգային համագործակցության շրջանակում Կենտրոնական բանկը հյուրընկալել է Մալայզիայի կենտրոնական բանկի ֆինանսական ներառման փորձագետներին, որոնց ներկայացվել է վարքագծային միջամտությունների առումով հայաստանյան լավագույն փորձը։
Ավարտվել է ՀՀ բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հետազոտության դաշտային փուլը, որի արդյունքները կներկայացվեն տարեվերջին։
2-րդ եռամսյակում իրականացված աշխատանքները ներկայացրին նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Վերջիններիս կողմից իրականացրած միջոցառումները ընդգրկել էին Հայաստանի մարզերը, նախաձեռնություններ իրականացվել էին ինչպես կրտսեր տարիքային խմբի, այնպես էլ մեծահասակների համար:
Հանձնաժողովը շարունակում է հետևողական աշխատանքը՝ Հայաստանում ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման և բնակչության ֆինանսական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Ֆինանսական կրթման ծրագիրը մեկնարկել է 2014 թ-ին և վերանայվել է 2021 թ-ին՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում ձեռք բերված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019 թ․» հետազոտության արդյունքները: Հաջորդ վերանայումն ակնկալվում է 2025-26թթ.:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։