Խաբեբաները Ձեզ հետ կապվում են զանգով, էլեկտրոնային նամակով, առցանց հարթակներով, սոցիալական մեդիայով, հաղորդագրություններով (SMS) և այլն: Այսպիսի խարդախություններ են.
Հեռախոսային զեղծարարությունները. սրանք խաբուսիկ հեռախոսազանգեր են, որոնց միջոցով անհատները փորձում են մանիպուլյացիայի ենթարկել Ձեզ՝ անձնական տվյալները բացահայտելու ու Ձեր գումարները շորթելու համար:
Օրինակներ
- Բարև Ձեզ, Ձեր բանկից եմ Ձեզ անհանգստացնում, մենք թարմացնում ենք մեր տվյալների բազան, որ խնդրեմ Ձեր անձնագրի տվյալները կասե՞ք ․․․
- Բարև Ձեզ, ոստիկանությունից է, Ձեր քարտի վրա հարձակում են արել, մի քանի տվյալներ են պետք, որ ստուգենք, թե ովքեր են, ինչ ռիսկ կա ․․․ մեզ պետք է մոբայլ բանկինգի ծածկանունն ու գաղտնաբառը։
Ֆիշինգ. SMS-ով կամ էլեկտրոնային նամակով ստացված խաբուսիկ հաղորդագրություններ են, որոնք կարծես թե օրինական աղբյուրներից են (բանկեր, վարկային ընկերություններ, սոցիալական հարթակներ), սակայն դրանց գլխավոր նպատակն է Ձեզ ստիպել հետևել կասկածելի հղումների և բացահայտել իրենց անհրաժեշտ տվյալներ:
Օրինակներ
- Հարգելի հաճախորդ, Ձեր փոստային փաթեթը հասել է պահեստ։ Սակայն այն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար։ Խնդրում ենք 12 ժամվա ընթացքում հաստատել Ձեր հասցեն՝ անցնելով հետևյալ հղմամբ ․․․
- Մարդիկ հետևում են հղմանը, լրացնում անձնական տվյալներ, որոնց միջոցով խարդախները հափշտակում են նրանց գումարները։
- Բարև Ձեզ, ես ցանկանում եմ գնել առցանց առևտրի կայքում տեղադրած ապրանքը։ Բայց Երևանում չեմ ապրում, որ խնդրեմ, կարո՞ղ եք ինձ առաքել ապրանքը, եթե գումարը փոխանցեմ։
- Այո, իհարկե։
- Այդ դեպքում ուղարկեմ հղում, Ձեր տվյալները գրեք, որ գումարը փոխանցեմ։
Մարդիկ հավատում են, լրացնում քարտի տվյալները, այդ թվում՝ CVV կոդը, անձնագրի տվյալները ։ Կամ էլ այդ հղման միջոցով մտնում են իրենց մոբայլ բանկինգ, ու խարդախի ձեռքում է հայտնվում իրենց մոբայլ բանկինգի տվյալները, արդյունքում կորցնում են գումար, նրանց անունով ձևակերպվում են վարկեր և այլն։
Ներդրումային խարդախություններ. Շատ տարածված այս խաբեությունների պարագայում Ձեզ առաջարկում են անիրատեսական եկամուտներ, նոր հաճախորդների ներգրավման դեպքում՝ բոնուսներ:
Օրինակ՝
Հրաշալի առաջարկ, որը ոչ մի տեղ չեք գտնի։ Ներդրե՛ք մեր նոր հավելվածի միջոցով ամենաշահավետ բիզնեսներում ու կստանաք օրական 1-2% եկամուտ։ Սա կատակ չէ, սա իրական է։ Ավելին՝ ստացե՛ք պրոմո կոդ, ու ամեն նոր մասնակից, որը կմիանա Ձեր պրոմո կոդով, Ձեզ կբերի ավելի շատ տոկոսներ ու զեղչեր։
Խարդախություններ առևտրի կայքերի միջոցով. զգուշացե՛ք գործարքներից, որոնք չափազանց լավ են թվում իրական լինելու համար, հատկապես անծանոթ կայքերում: Խաբեբաները կարող են վերցնել Ձեր գումարը առանց ապրանքը առաքելու կամ ուղարկել էժան ու անորակ ապրանք:
Օրինակ՝
- Վճարե՛ք միայն առաքման համար, հեռախոսը ստացե՛ք անվճար։
- Շնորհավորում ենք, Դուք մեր կայքի 10 000-րդ հաճախորդն եք, շահել եք մեծ գումար։ Անցե՛ք հղմամբ, լրացրե՛ք Ձեր տվյալները և ստացե՛ք շահումը։
Անձնական տվյալների գողություն սոցիալական էջերի միջոցով. այս դեպքում խաբեբաները ստեղծում են կեղծ էջեր կամ կոտրում են իրականները՝ ապատեղեկություն տարածելու, գումար շորթելու, կեղծ ապրանքներ գովազդելու կամ անձնական տեղեկություններ հավաքելու համար:
Օրինակ՝
Կոտրում են կոնկրետ մարդու սոցիալական էջը ու գրում մոտ ընկերներին՝
- Ալլա ջա՛ն, բարև, ո՞նց ես։ Կներես, բայց մի բան պիտի շտապ խնդրեմ․ հորաքրոջս են այսօր վիրահատել, կարիքի մեջ ենք․ Կարո՞ղ ես ինձ շտապ մի քիչ գումարով օգնել, եթե ունես, մի 5 000 դրամ։
Բանկոմատներով (ATM) խաբեբայություններ. խաբեբաները բանկոմատների վրա տեղադրում են երկրորդ ստեղնաշար, սքիմմինգ (skimming) սարքեր՝ Ձեր քարտի տվյալները գողանալու համար: Երբեմն նաև ամբողջ բանկոմատն է կեղծ։
Վիճակախաղային զեղծարարություններ. Ձեզ հայտնում են, որ Դուք հեռավոր մի երկրի պետական վիճակախաղի խոշոր շահող եք։ Բայց հարկավոր է նախ վճարել շահման եկամտահարկը։ Հենց վճարում եք եկամտահարկը, լավ լուրը Ձեզ հայտնողն էլ, վիճակախաղն էլ, շահումն էլ հօդս են ցնդում։

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։