ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Քարտ

Խելամիտ կիրառման դեպքում վճարային քարտը ճկուն և ապահով գործիք է՝ ձեր եկամուտները և ծախսերը վերահսկելու, պետք եղած ժամանակ գնումների պատրաստ լինելու համար:
Այստեղ կծանոթանաք քարտի տեսակներին և կիրառման հմտություններին: Մենք ընդգրկել ենք կանոններ, որոնց հետևելովկխուսափեք քարտով վճարումների հետ կապված ռիսկերից: 

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ՝
1. Ի՞նչ են բանկային հաշիվը և վճարային քարտը, ինչո՞ւ օգտվել դրանցից
2. Ի՞նչ եք շահում անկանխիկ վճարումներ կատարելիս
3. Կա՞ն միջնորդավճարներ անկանխիկ վճարելիս
4. Ի՞նչն եմ պարտավոր վճարել անկանխիկ
5. Վճարային քարտի ի՞նչ տեսակներ կան
6. Ինչպե՞ս արագ ընտրեք վճարային քարտ Հայաստանում
7. Ի՞նչ է digital/թվային քարտը, և ի՞նչ կարող եք անել դրանով
8. Քարտ sub menu

Ի՞նչ են բանկային հաշիվը և վճարային քարտը, ինչո՞ւ օգտվել դրանցից

Պարզ ասած՝ բանկային հաշիվը Ձեր ապահով «դրամապանակն» է՝ դրված բանկում: Դուք կարող եք ցանկացած պահի գումար ավելացնել Ձեր բանկային հաշվին կամ անհրաժեշտության դեպքում կատարել գումարի կանխիկացում: Բացի այդ, բանկային հաշվի օգնությամբ հնարավոր է՝

✔ կատարել վճարումներ և ստանալ փոխանցումներ,

✔ կատարել պարբերական վճարումներ (օրինակ՝ կարող եք պատվիրել բանկին՝ ամեն ամիս կատարելու Ձեր կոմունալ վճարումները կամ վարկի մարումը՝ առանց լրացուցիչ տեղեկացման),

✔ վերահսկել Ձեր եկամուտներն ու ծախսերը բանկի տրամադրած քաղվածքների օգնությամբ:

Վերոնշյալ գործարքներն իրականացնելու համար հնարավոր է նաև խուսափել ամեն անգամ բանկ այցելելուց, եթե ունեք բանկային հաշվի հեռակառավարման հասանելիություն (առցանց կամ մոբայլ բանկինգ) կամ բանկային հաշվին կցված վճարային քարտ:

Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս՝

✔ ստանալու աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ,

✔ բանկի բաժանմունքներից և բանկոմատներից կանխիկացնելու այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին,

✔ կատարելու անկանխիկ վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների դիմաց,

✔ բանկոմատի, մոբայլ կամ առցանց բանկինգի միջոցով կատարելու կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքեր, տուգանքներ, հարկեր) վճարումներ,

✔ իրականացնելու առցանց առևտուր,

✔ կատարելու և ստանալու քարտից քարտ փոխանցումներ,

✔ պարբերաբար ստանալու հաշվի քաղվածքներ և հետևելու ֆինանսական վարքագծին (ինչ ծախսեր են կատարվել, որոնք կարելի է կրճատել և այլն),

✔ ձեռք բերելու արժեթղթեր առցանց կամ մոբայլ բանկինգի միջոցով,

✔ շահավետ պայմաններով օգտվելու նաև այլ ֆինանսական ծառայություններից։

Ներկայումս շատերը նախընտրում են բանկային քարտը՝ որպես վճարումներ կատարելու միջոց, քանի որ այն ունի մի շարք առավելություններ, որոնք բացակայում են կանխիկ գումարի պարագայում: Թվարկենք դրանցից մի քանիսը:

Հարմարավետություն

Քարտով վճարումները հաճախ առավել հարմար են, քանի որ կարիք չկա ամեն անգամ խանութ գնալիս մեծ քանակի գումար ունենալ դրամապանակում: Վճարում կատարելիս Դուք այլևս ստիպված չեք լինում հաշվել կանխիկ գումարը, և նվազում է սխալվելու հավանականությունը: Բացի այդ, եթե ցանկանում եք կատարել առցանց գնումներ, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի քարտը:

Զեղչեր և պարգևներ

Այս կամ այն բանկային քարտի քարտապանը լինելով՝ Դուք կարող եք որոշ խանութներում, հյուրանոցներում և նույնիսկ օդանավակայաններում ստանալ զեղչեր կամ պարգևներ՝ քարտով վճարում կատարելու համար: Պարգևները կարող են լինել կանխիկի վերադարձման (cashback), նվեր քարտերի, լրացուցիչ միավորների կամ այլ նվերների տեսքով:

Անվտանգություն

Քարտի կարևոր առավելություններից մեկը գումարի անվտանգությունն է: Կանխիկը միշտ կարող է գողացվել, վնասվել հրդեհից կամ ջրից, իսկ կորցնելու դեպքում այն այլևս չեք կարողանա գտնել: Գումարը քարտային հաշվում պահելու դեպքում Դուք կխուսափեք բոլոր այս խնդիրներից: Եթե կորցնեք քարտը, կամ այն վնասվի, կարող եք դիմել բանկին՝ նորը ստանալու համար: Իսկ եթե քարտը գողանան, կարող եք առցանց կամ մոբայլ բանկինգի միջոցով, ինչպես նաև ուղղակի բանկին դիմելով՝ արգելափակել քարտը ու թույլ չտալ, որ Ձեր միջոցները գողացվեն։ 

Ի՞նչ եք շահում անկանխիկ վճարումներ կատարելիս

Անկանխիկ վճարումներն աստիճանաբար դառնում են մեր առօրյայի մաս, բայց մեզանից շատերը դեռ նախընտրում են կանխիկ դրամը, քանի որ սովոր ենք այն տեսնել և շոշափել։ Չենք թերագնահատում սովորույթի ուժը, բայց եկե՛ք միասին մտածենք։ Պատկերացրե՛ք կանխիկ եղանակով պետք է շտապ մուծեք ուսանողի վարձը, վճարեք բժկին կամ էլ մուծեք կոմունալներդ։ Ստիպված եք ընդմիջման հաշվին դուրս գալ աշխատավայրից, ծանրաբեռնված երթևեկության դժվարությունները հաղթահարելով հասնել տեղ, երկար սպասել հերթի մեջ, հաճախ կորցնել կամ մոռանալ կտրոնը ու նույն դժվարությամբ վերադառնալ։ Ոչ մի դրական հույզ չկա այս փորձառության մեջ։ 

Իսկ եթե օգտագործեք մոբայլ բանկինգ, այսինքն՝ գործարքները կատարեք անկանխիկ եղանակով, ապա

  • կխնայեք նյարդեր և ժամանակ,
  • կտրոնը միշտ կլինի հեռախոսի մեջ,
  • վճարումներ կանեք մեկ սեղմումով ու մի քանի վայրկյանում,
  • ի վերջո, կունենաք բոնուսներ և զեղչեր։

Կա՞ն միջնորդավճարներ անկանխիկ վճարելիս

Անկանխիկ վճարելիս որոշ դեպքերում կարող են լինել միջնորդավճարներ, որոշների դեպքում ոչ, պետք է ստուգել մինչև գործարքն իրականացնելը։

Եթե Դուք ֆիզիկական անձ եք, այլ ոչ անհատ ձեռնարկատեր կամ բիզնես, ապա չեք վճարում  միջնորդավճարներ, երբ

  • Առևտուր եք անում խանութներից, օգտվում ծառայություններից ու վճարում քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով։ Այս դեպքում կարող է անգամ հակառակը լինել, կարող եք ստանալ զեղչեր, բոնուսներ կամ որոշակի գումար քեշբեքի տեսքով։

Միջնորդավճար չկա, երբ՝

  • Առցանց գնումներ եք կատարում ու վճարում,
  • Մոբայլ բանկինգով որոշ գործարքներ եք անում, օրինակ՝ կոմունալներըը վճարելում։

Եվ հիշե՛ք՝ անկանխիկով թե կանխիկով ապրանքը գնելիս կամ ծառայության համար վճարելիս գինը չպետք է տարբերվի։

Սակայն կան գործարքներ, որոնց դեպքում Ձեզնից կգանձեն միջնորդավճարներ։

  • Քարտից այլ քարտի գումար փոխանցելիս։
  • Վճարային տերմինալով վճարում կատարիս։
  • Մոբայլ բանկինգով որոշ վճարումներ կատարելիս, օրինակ՝ գույքահարկ, հարկեր, տուրքեր, ճանապարհային ոստիկանության հետ կապված վճարումները։
  • Որոշ դեպքերում նաև Ձեր հաշվեհամարից այլ հաշվեհամարի փոխանցում կատալեիս ևս կարող է գանձել միջնորդավճար, օրինակ՝ երբ դրամային հաշվից գումար եք փոխանցում արտարժութային հաշվի։

Մոբայլ բանկինգով, տերմինալով վճարում կամ փոխանցում կատարելիս հիմնականում գրվում է միջնորդավճարի չափը գործարքն իրականացնելիս։

Ի՞նչն եմ պարտավոր վճարել անկանխիկ

Օրենքը սահմանում է, թե որ գործարքները պետք է կատարվեն անկանխիկ։ 

Անկանխիկ պետք է ստանաք՝

  • կրթաթոշակը, 
  • աշխատավարձը,
  • վարկը,
  • ապահովագրական հատուցումը։

Իսկ անկանխիկ պետք է վճարեք՝

  • 300 հազար դրամը գերազանցող ցանկացած գործարք,
  • ուսման վարձը,
  • բժշկական ծառայությունները, 
  • նոտարական ծառայությունները,
  • վարկի մարումները,
  • պետական գնումները։

Անկանխիկի միջոցով ավելի արագ և հարմարավետ կկարողանաք կատարել առօրյա ֆինանսական գործարքները։

Եթե անկանխիկ եք կատարում գործարքները, ավելի հեշտությամբ եք ստանում վարկ։ Ավելին, հմտանալով անկանխիկ գործարքներում, հնարավորություն եք ստանում ձեռք բերելոը բազմազան ֆինանսական ծառայություններ՝ խնայողություններ, ապահովագրություն, արժեթղթեր և այլն։ Այս բոլորը նպաստում են Ձեր ֆինանսական բարեկեցությանը։

Վճարային քարտի ի՞նչ տեսակներ կան

Վճարային քարտերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.

  1. Ըստ վճարման տեսակի 

Դեբետային քարտ. ընթացիկ բանկային հաշվին կցված քարտ է, որը նախատեսված է Ձեր հաշվին առկա միջոցներն օգտագործելու, գումար կանխիկացնելու, գնումներ, փոխանցումներ և այլ գործարքներ կատարելու համար: Ի տարբերություն վարկային (կրեդիտային) քարտի՝ այն  թույլ է տալիս օգտագործել միայն այնքան գումար, որքան առկա է Ձեր բանկային հաշվին: Դեբետային քարտերը սովորաբար տրամադրվում են աշխատավարձ կամ այլ փոխանցումներ ստանալու և տնօրինելու համար:

Վարկային (կրեդիտային) քարտ. նախատեսված է բանկի կողմից Ձեզ տրամադրված վարկի գումարն օգտագործելու համար: Այս քարտերն ունեն գումարի առավելագույն սահմանաչափ, որը Դուք կարող եք ծախսել, իսկ հետո վերադարձնել  «պարտքով վերցրած» գումարը բանկին և վճարել տոկոսներ:

Վարկային քարտերի կարևոր առանձնահատկություններից է այն, որ, ժամանակին վճարելով տոկոսները, Դուք կարող եք լավ վարկային պատմություն ձևավորել և հետագայում հեշտությամբ վարկեր ստանալ: Բացի այդ, արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի դեպքում նույնիսկ հնարավոր է՝ չկիրառվի տոկոսներ վճարելու պայմանը:

Հաշվարկային քարտ. միավորում է դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները: Այսինքն՝ այս քարտերի օգնությամբ Դուք կարող եք օգտագործել Ձեր բանկային հաշվին առկա միջոցները և, դրանից բացի, ծախսել բանկի կողմից  տրամադրված վարկը (օվերդրաֆտ): Օվերդրաֆտն առաջանում է այն դեպքում, երբ Ձեր հաշվի մնացորդը բացասական է. ավելի պարզ ասած՝ Դուք ծախսում եք ավելի շատ գումար, քան ունեք: Իհարկե, օվերդրաֆտից օգտվելու դեպքում Դուք  ստիպված եք լինում վճարել որոշակի տոկոս:

  1. Ըստ վճարային համակարգի

Տեղական. Հայաստանում գոյություն ունեցող տեղական քարտային վճարային միասնական համակարգը «ArCa»-ն  է: Այս տեսակի քարտերը կիրառելի են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: «ArCa» քարտերի սպասարկման վճարները սովորաբար մատչելի են և տալիս են այլ առավելություններ. օրինակ՝ «ArCa» համակարգի անդամ բանկերը կարող են համագործակցել միմյանց հետ, և գումար կանխիկացնելիս չեն գանձվի միջնորդավճարներ։ Այս և այլ առանձնահատկությունների մասին կարող եք տեղեկանալ քարտը Ձեզ տրամադրող բանկից։

Միջազգային. այս վճարային համակարգերի քարտերը հնարավորություն են տալիս կատարելու գործարքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Հայաստանում առկա են հետևյալ  վճարային համակարգերի քարտերը՝ «Մաստեր քարտ» (MasterCard), «Վիզա» (Visa), «Ամերիքան էքսպրես» (American Express), «Դայներս քլաբ» (Diners Club) և այլն:

  1. Ըստ կիրառման միջավայրի

Իրական միջավայրում կիրառվող քարտ. այս քարտի միջոցով գործարքներ կատարելու համար հարկավոր է, որ այն ֆիզիկապես գտնվի Ձեզ մոտ:

Վիրտուալ (ինտերնետ) միջավայրում կիրառվող քարտ. եթե քարտն օգտագործելու եք միայն էլեկտրոնային գնումների համար, ապա կարող եք ձեռք բերել դրա վիրտուալ տեսակը: Ի տարբերություն նախորդի՝ այս քարտը գոյություն ունի միայն ինտերնետ միջավայրում կամ, կարելի է ասել՝ «ապրում է» Ձեր սմարթֆոնում կամ համակարգչում: Դուք ստանում եք առցանց հաշիվ և քարտային տվյալներ, գրանցում եք դրանք առցանց հարթակներում և կատարում գնումներ:
4. Ըստ տեղեկության պահպանման տեխնոլոգիայի

Չիպային (միկրոպրոցեսորային) քարտ. այս քարտի հիմքում միկրոսխեմա է, որը թույլ է տալիս գրառել ծավալուն տեղեկություն: Տեղեկատվության տեսակները բազմաթիվ են, օրինակ՝ չիպի վրա միաժամանակ կարող է գրառվել տեղեկություն Ձեր սոցիալական կարգավիճակի, ապահովագրական ծառայությունից օգտվելու իրավասության և Ձեզ վերաբերող մի շարք այլ տվյալների մասին։

Դա երաշխավորում է բարձր մակարդակի ապահովություն. տեղեկությունն ապահով  պահելու երաշխիք է։

Մագնիսական ժապավենով քարտ. քարտատիրոջ վերաբերյալ տեղեկատվություն է պարունակում (օրինակ՝  անունը, հասցեն, հաշվի համարը և այլն), որը պահպանվում է քարտի մագնիսական ժապավենի մեջ: Օրինակ՝ քարտով վճարում կատարելիս դա անցկացնում են POS տերմինալի հատուկ նախատեսված հատվածով (ընթերցում), որպեսզի տվյալները ստուգվեն։

Հիբրիդային (համատեղված) քարտ. նախորդ երկուսի համադրությունն է. քարտի վրա առկա են և՛ միկրոսխեմա, և՛ մագնիսական ժապավեն։ Ներկայումս բանկերն իրենց հաճախորդներին հիմնականում տրամադրում են հենց այսպիսի քարտեր:

Անհպում կամ NFC վճարումների հնարավորություն ունեցող քարտեր այս տեսակի քարտերով գործարքներ կատարելիս հարկավոր է պարզապես քարտը մոտեցնել POS տերմինալին և, առանց PIN կոդը մուտքագրելու, կատարել վճարումներ, որոնք չեն գերազանցում 20 000 ՀՀ դրամը:
5.Այլ տեսակներ

Վճարային քարտերի շուկայում կարող եք հանդիպել նաև «Կանխավճարային նվեր քարտերի», «Ուսանողական քարտերի» և այլ տարատեսակների, որոնք հիմնականում աշխատում են դեբետային քարտերի սկզբունքով։

Ինչպե՞ս արագ ընտրեք վճարային քարտ Հայաստանում

Վճարային քարտը պետք է լինի Ձեր կենսակերպին համապատասխան։

  • Եթե այդ քարտով ստանալու եք աշխատավարձ և օգտագործելու գումարը Հայաստանում, ապա քարտը կարող է լինել Arca, իսկ եթե օգտագործելու եք նաև արտասահմանում, կարող եք ընտրել Visa, Mastercard կամ այլ քարտեր։ Սակայն հիշե՛ք, որ աշխատավարձի քարտով ցանկալի չէ կատարել առցանց գնումներ, օգտագործել համեմատաբար ռիսկային գործարքներում, քանի որ դա Ձեր եկամուտը պահող քարտն է։
  • Եթե այդ քարտը առցանց գնումների համար է, կարող է լինել վիրտուալ կամ թվային քարտ, որը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի դժվարանում է դրա դեմ խարդախություն կազմակերպելը։
  • Եթե շատ եք կատարում գնումներ խանութներից, ապա ընտրե՛ք շատ cash back (գնման գումարի վերադարձ կամ բոնուսներ ու զեղչեր առաջարկող) ծառայություն ունեցող քարտ։
  • Կարևոր է նաև քարտի արժույթը ճիշտ ընտրելը․ եթե քարտը կիրառելու եք Հայաստանում, դրամային քարտը հնարավորություն կտա չկորցնել գումար արժութային փոխարկման (կոնվերտացիայի) վրա։ Իսկ եթե Եվրոպայում օգտագործելու համար եք ձեռք բերում քարտը, կարող եք ընտրել եվրոն որպես արժույթ։ Ամերիկայի պարագայում հարմար է դոլարով քարտը։ Բայց այժմ բանկերն առաջարկում են նաև բազմարժութային քարտեր։ Այսինքն մեկ քարտը կարող է գործել և՛ դրամով, և՛ դոլարով, և՛ եվրոյով և այլն։ Այդ դեպքում գնումն անելուց առաջ Ձեզ տրվում է հնարավորություն ընտրելու արժույթը։ 
  • Հատուկ թիրախային խմբերի համար գործում են քարտերի հատուկ առաջարկներ, օրինակ՝ ուսանողական քարտեր, կենսաթոշակային քարտեր։ Դրանք տալիս են տվյալ թիրախային խմբին համապատասխան հնարավորություններ։

Այսօր բանկերի կողմից առաջարկվող վճարային քարտերն այնքան տարբեր են, որ բոլորին ծանոթանալու համար երկար ժամանակ կպահանջվի։ 

Կենտրոնական բանկը մշակել է fininfo.am կայքը, որտեղ բոլոր բանկերի վճարային քարտերը ներկայացված են մեկ հարթակում։

Կայքը հարմար է, քանի որ կարող եք Ձեր ցանկությամբ ֆիլտրել առաջարկները՝ թողնելով Ձեզ ամենահամապատասխանը։ Օրինակ՝ ընտրել արժույթ, քարտը լինի տեղակա՞ն, թե՞ միջազգային, վարկային գիծ ունենա՞, թե՞ ոչ, իսկ եթե ուսանող եք, ապա քարտեր կան ուսանողների համար։ Ընտրում եք այն չափանիշները, որոնք Ձեզ համար կարևոր են, և կայքը առաջարկում է լավագույն տարբերակները։ Մկնիկի մի քանի սեղմումով և ընդամենը մի քանի րոպեում կարող եք կողմնորոշվել, թե ինչ քարտ է Ձեզ հարկավոր։

Ի՞նչ է digital/թվային քարտը, և ի՞նչ կարող եք անել դրանով

Վիրտուալ, թվային կամ DIGITAL քարտը գոյություն ունի միայն ինտերնետ միջավայրում, այլ կերպ ասած՝ ապրում է Ձեր հեռախոսի մեջ։

Ինչպես ֆիզիկական քարտը, այն նույնպես ունի քարտի համար, վավերականության ժամկետ, CVV կոդ ու քարտի այլ տվյալներ:

Թվային քարտով կարող եք առցանց գնումներ կատարել, գումար փոխանցել, կոմունալ և հարկեր վճարել, ինչպես նաև խանութներում անհպում վճարումներ կատարել: Կարող եք նաև տարբեր արժույթներով վիրտուալ քարտեր ունենալ ու օգտագործել դրանք արտերկրում։

Քարտի այս տեսակը կառավարվում  է մոբայլ կամ առցանց բանկինգի միջոցով:

Կարող եք նաև տարբեր արժույթներով վիրտուալ քարտեր ունենալ ու օգտագործել դրանք արտերկրում։

Ստացվում է, որ թվային քարտով անում եք գրեթե ամենը, ինչ ֆիզիկական քարտով, սակայն այն միշտ Ձեզ հետ է, անհնար է, որ վնասվի, կորի կամ գողանան։

Վիրտուալ քարտն ունի նաև սահմանափկումներ.

  • Կանխիկացում հնարավոր չէ կամ շատ թանկ է։

Նաև թվային քարտով կարող եք վճարել, եթե՝

  • հեռախոսը լիցքավորված է,
  • ունի ինտերնետ հասանելիություն,
  • վաճառողի պոս տերմինալը ունի հեռավար ճանաչման հնարավորություն/NFC։

Digital կամ թվային քարտ կարող եք ձեռք բերել բանկ այցելելով կամ էլ նախապես ներբեռնած մոբայլ բանկինգով:

Քանի՞ տարեկանից սկսած կարող եմ ունենալ բանկային հաշիվ ու վճարային քարտ 

Դուք կարող եք բացել բանկային հաշիվ և ձեռք բերել վճարային 14 տարեկանից սկսած։ Արդյունքում կկարողանաք՝

  1. Գումար փոխանցել և ստանալ,
  2. Կատարել անկանխիկ գնումներ,
  3. Ձեռք բերել ապահովագրություն,
  4. Ներբեռնել բանկի բջջային հավելվածը, գրանցել Ձեր անունով  օգտահաշիվ, և վերոնշյալ բոլոր գործարքները կատարել առցանց: 

Կարող եք անգամ առանց ծնողների կամ խնամակալների ներդնել ավանդ ու տնօրինել այն։

Այսօր բանկերը դեռ զգուշություն են ցուցաբերում անչափահասներին ծառայություններ մատուցելիս, բայց ժամանակի ընթացքում կընդգրկեն նաև մինչև 14 տարեկաններին։ Ուստի՝ հետեւե՛ք շուկային։ 

Հաշվի' առեք, որ ֆինանսական ծառայություններից օգտվելը մրցակցային առավելություն է, ուրեմն հնարավորինս վաղ տարիքից սկսե՛ք հմտանալ այս աշխարհում։

Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել վճարային քարտ

ՀՀ տարածքում վճարային քարտեր թողարկում և տրամադրում են ՀՀ տարածքում գործող բանկերը: Այսօր նույնիսկ երեխաներն ունեն հնարավորություն (սկսած 14 տարեկանից)  ձեռք բերելու վճարային քարտեր: Ծնողները կարող են նաև բանկից պատվիրել իրենց քարտային հաշվին կցված քարտեր՝ ընտանիքի բոլոր անդամների անունով:  

Վճարային քարտ ստանալու համար պետք է նախապես որոշել Ձեր կարիքները, գտնել Ձեզ հարմար վճարային քարտը, որի մասին մանրամասներ կարող եք կարդալ այս նյութի «Օգտակար խորհուրդներ» բաժնում։

Վճարային քարտերի ընտրության համար Ձեզ կարող է օգնել www.fininfo.am կայքը, որտեղ կարող եք մուտքագրել Ձեր նախընտրությունները, և համակարգը կառաջարկի այդ պահին շուկայում առկա բոլոր քարտերն իրենց առանձնահատկություններով։

Կարող եք տեղեկություններ ստանալ ցանկացած բանկից՝ մատնանշելով Ձեր նախասիրությունները կամ նախապատվության շրջանակները:

Բանկը և քարտի տեսակը ընտրելուց հետո կարող եք քարտը պատվիրել բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում կամ առցանց տարբերակով։ Բանկը Ձեզ կտեղեկացնի քարտի պատրաստ լինելու մասին: Առցանց տարբերակով ձեռք բերելու համար պայմանները կարդացե՛ք կայքում։ Հաճախ առցանց կարողանում եք պատվիրել մոբայլ բանկինգ հավելվածով նույնականացումն անցնելուց հետո։

Քարտը ստանալուց հետո այդ բանկի ցանկացած բանկոմատում կարող եք ակտիվացնել այն: Իսկ եթե բանկը ԱՌՔԱ-ի անդամ է, կարող եք նաև ակտիվացնել ԱՌՔԱ-ի անդամ բանկերի բանկոմատներում։

Վճարային քարտ ձեռք բերելիս կարող են պահանջվել մի քանի վճարումներ՝

✔ քարտի թողարկման/տրամադրման վճար,

✔ տարեկան սպասարկման վճար:

Որոշ իրավիճակներում հնարավոր են այլ վճարումներ ևս՝

✔ հաշվի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) ծառայության,

✔ հավելյալ/կից քարտի պահանջի,

✔ կարճ ժամկետում քարտի տրամադրման,

✔ քարտի կորստի, գողության,  վնասման, PIN կոդը մոռանալու դեպքում քարտի վերաթողարկման,

✔ այլ բանկերի բանկոմատներից կանխիկացման,

✔ առանց քարտի բանկի դրամարկղից գումարի կանխիկացման,

✔ քարտի արգելափակման (բլոկավորման) կամ ապաարգելափակման (ապաբլոկավորման) և այլ ծախսեր։

Պետք է ուշադրություն դարձնել այս վճարներին, հաշվարկել ու հասկանալ՝ դրանք  Ձեզ համար ընդունելի՞ են, թե՞ ոչ։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել վճարային քարտ ձեռք բերելիս

Նախ  որոշե՛ք, թե ինչ նպատակով եք ցանկանում ձեռք բերել վճարային քարտ, և ինչ տեսակի քարտ է Ձեզ անհրաժեշտ.

✔ Եթե այդ քարտով նախատեսում եք ստանալ աշխատավարձ, որը վճարվելու է հայաստանյան գործատուի կողմից, ինչպես նաև գումար կանխիկացնել կամ գնումներ կատարել բացառապես հայկական վաճառքի կետերում, ապա «ArCa» քարտը Ձեզ համար կարող է շահավետ տարբերակ լինել: 

✔ Եթե այդ քարտն օգտագործելու եք արտասահմանում կամ առցանց գնումներ եք կատարելու արտասահմանից, ապա պետք է դիտարկել  MasterCard-ի,  VISA-ի և միջազգային այլ վճարային քարտերի տարբերակները: 

Վճարային քարտերը համեմատելու և ամենահարմար տարբերակն ընտրելու համար կարող եք օգտվել Ձեզ առաջարկվող միջոցներից.

Ֆինանսական տեղեկատու (fininfo.am). մուտքագրելով  անհրաժեշտ վճարային քարտի տվյալները՝ կստանաք այդ պահին առկա քարտերի առաջարկները, կկարողանաք հեշտորեն համեմատել և ընտրել ամենահարմար տարբերակը:

Բանկերն իրենց կայքէջերում հրապարակում են վճարային քարտերի վերաբերյալ տեղեկատվություն, որը կօգնի որոշում կայացնելիս:

Երբ արդեն ընտրել եք բանկն ու քարտի տեսակը՝

Ուշադի՛ր լրացրեք ձեր տվյալները, օրինակ՝ ցանկանում եք հաշվի քաղվածքները ստանալ էլեկտրոնային նամակի տեսքո՞վ, թե՞ առձեռն՝ բանկի տարածքում ինքնուրույն ստանալու միջոցով: Վերջին  տարբերակն ընտրելու դեպքում իմացե՛ք՝  մինչև չներկայանաք բանկ և չպահանջեք  քաղվածքը, բանկը պարտավոր չէ այն Ձեզ տրամադրել այլ եղանակով: Եթե չվերցնեք  քաղվածքը և չստուգեք Ձեր կատարած գործարքները, ապա մեծանում է հավանականությունը, որ զեղծարարություն տեղի ունենալու դեպքում անտեղյակ կլինեք, իսկ  սխալների առկայության պարագայում չեք կարողանա ուղղել դրանք:

Մինչ պայմանագիր կնքելը ուշադի՛ր և մանրամա՛սն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագրի կետերի չիմացությունը Ձեզ չի ազատում պատասխանատվությունից: Մասնավորապես՝ ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին.

  • քարտի տեսակին և նկարագրությանը,
  • պարտադիր վճարներին,
  • վավերականության ժամկետին,
  • որքա՞ն է մեկանգամյա կանխիկացման գումարի առավելագույն չափը,
  • առավելագույնը քանի անգամ է հնարավոր գումար կանխիկացնել մեկ օրում,
  • հնարավո՞ր է ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ,
  • հնարավո՞ր է համացանցի միջոցով առևտուր կատարել,
  • որո՞նք են Ձեր իրավասությունները,
  • որ գործողությունների դեպքում ինչպիսի պատասխանատվություն եք կրում,
  • պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ Ձեզ համար: 

Հիշե՛ք՝ Դուք իրավունք ունեք բանկից պահանջելու այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվում են Ձեր պայմանագրի պայմանները:

Ակտիվացրե՛ք քարտային հաշվում գումարի շարժի դեպքում հաղորդագրություն (SMS)  ստանալու ծառայությունը. Դուք ինքներդ եք որոշում գումարի այն սահմանաչափը, որը գերազանցող գործարքի դեպքում կստանաք հաղորդագրություն (SMS)՝

  • Մուտք հաշվին XXX դրամ, գումարի աղբյուրը, ժամանակը: Մնացորդ՝ XXX դրամ: 
  • Բանկոմատից  կանխիկացում՝ XXX դրամ, կանխիկացման վայրը, ժամանակը: Մնացորդ՝ XXX դրամ:
  • Գնում՝ XXX դրամ, վաճառքի կետի անվանումը, ժամանակը: Մնացորդ՝ XXX դրամ:
  • Փոխանցում՝ XXX դրամ, ում կամ ումից, ժամանակը: Մնացորդ՝ XXX դրամ: 

Այս ծառայությամբ կվերահսկեք Ձեր գործարքները, կբացառեք առանց Ձեր իմացության որևէ գործարքի իրականացում:

Պայմանագիրը ստորագրելիս Ձեզ հնարավորություն է տրվում ընտրելու քարտային հաշվի քաղվածքի ստացման եղանակը: Ընտրե՛ք քաղվածքներն էլ. փոստով ստանալու հնարավորությունը, որպեսզի կարողանաք հեշտությամբ վերահսկել Ձեր գումարի շարժը:

Ձեզ հնարավորություն է տրվում  ինքնուրույն ընտրելու Ձեր քարտի համար սահմանաչափեր՝ թե, օրինակ, առավելագույնը որքան գումարի գործարք կարող եք կատարել Ձեր քարտային հաշվով:

✔ Խարդախություններից խուսափելու համար կարող եք սահմանափակել նաև միանգամից կատարվող գործարքների քանակը։ Օրինակ՝ խարդախները չկարողանան 3 անգամից ավել գործարք անել Ձեր քարտով։

Եթե ունեք այլ հարցեր, ապա դիմեք բանկին՝ նախքան պայմանագիրը կնքելը: Վերջինս Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ կտրամադրի տեղեկատվություն:

Պայմանագիրը ստորագրելուց հետո անպայման վերցրեք պայմանագրի Ձեր օրինակը և պահպանեք  ապահով տեղում:

Ինչպե՞ս ակտիվացնել վճարային քարտը

Քարտը կարող եք ակտիվացնել Ձեր բանկի ցանկացած բանկոմատում։ Եթե այդ բանկը ARCA համակարգի անդամ է, նաև ARCA-ի անդամ այլ բանկերի բանկոմատներում։

Եթե քարտի ՊԻՆ կոդը ծրարով տրվել է քարտի հետ, ապա պարզապես մուտքագրում եք քարտը բանկոմատում ու հավաքում ՊԻՆ կոդը։

Իսկ եթե քարտի ՊԻՆ կոդը չի տրամադրվել քարտի հետ, ուրեմն այն պետք է ակտիվացնել ու որոշել նոր ՊԻՆ։ Քարտը մուտքագրում եք բանկոմատում։ Սեղմում «քարտի ակտիվացում» հրամանի վրա։ Այնուհետև Ձեր հեռախոսին կգա կոդ, ուստի պետք է հեռախոսը լինի Ձեզ հետ։ Մուտքագրում եք կոդը, որից հետո հնարավոր է լինում փոխել ՊԻՆ կոդը։ Ընտրում եք 4 թվերից բաղկացած ՊԻՆ կոդը։ Մի՛ ընտրեք հեշտ գուշակվող թվեր, օրինակ՝ ծննդյան թիվ, ամիս կամ իրար հաջորդող թվեր։

Ահա և վերջ, քարտն ունի նոր ՊԻՆ ու նոր օգտատեր։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել վճարային քարտն օգտագործելիս

Վճարային քարտը նույնքան կարևոր է և նույնքան գաղտնի տվյալներ է պարունակում, որքան, օրինակ, Ձեր անձնագիրը, ուստի պետք է կանխել դրանց կորզման ռիսկերը և հետևել անվտանգության հետևյալ կանոններին՝

Ակտիվացրե՛ք մոբայլ բանկինգ ծառայությունը՝ ֆինանսական գործարքները հեշտ ու արագ  իրականացնելու համար։ Մոբայլ բանկինգի միջոցով կարող եք

Պարբերաբար ստուգե՛ք Ձեր հաշվի քաղվածքը, համեմատե՛ք ունեցած անդորրագրերի տվյալների հետ: Սխալներ հայտնաբերելու դեպքում դիմե՛ք բանկին: 

Միշտ Ձեր տեսադաշտո՛ւմ պահեք վճարային քարտը: Հիշե՛ք, որ ֆինանսական խարդախության համար Ձեր քարտը ֆիզիկապես ունենալն արդեն բավարար է, ուստի այն չպետք է հայտնվի ուրիշի ձեռքում: Եթե անգամ, օրինակ, մատուցողն ասում է, որ POS տերմինալը  չի կարող մոտեցնել, նրա հետ մոտեցեք POS տերմինալին և հսկե՛ք գործարքի իրականացման ողջ ընթացքը:    

Մի՛ գրանցեք քարտին վերաբերող տվյալները կասկած հարուցող վայրերում, կայքերում, ձևաթղթերում: Հատկապես PIN կոդը ոչ ոք չպետք է իմանա՝ ձեզնից բացի:  

Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես դիմե՛ք բանկ, արգելափակե՛ք քարտը, որպեսզի բացառեք այլ անձանց կողմից Ձեր գումարի օգտագործումը: Արգելափակումը կարող եք հեշտությամբ կատարել մոբայլ բանկինգի միջոցով։ Քարտը գտնելու դեպքում կարելի է  ապաարգելափակել այն, որը կարող է վճարովի ծառայություն լինել: Մնացած դեպքերում քարտը պետք է վերաթողարկվի, ինչը հիմնականում նույնպես  վճարովի ծառայություն է:

Քարտով վճարումներ կատարելիս նախապես ստուգե՛ք՝  անհրաժեշտ գումարի չափով միջոցներ ունե՞ք, թե՞ ոչ, այլապես օվերդրաֆտի հնարավորություն ունենալու դեպքում հաշվին կձևավորեք բացասական մնացորդ: Հատկապես ուշադիր եղեք արտարժույթով գործարքներ կատարելիս. մինչև բանկի կողմից գործարքը ձևակերպելը, կարող է արտարժույթի փոխարժեքի տատանում տեղի ունենալ: Ապահովության համար ցանկալի է լրացուցիչ գումար թողնել հաշվին՝ այդ ռիսկը բացառելու համար:

Հետևե՛ք անվտանգության կանոններին։

Մոբայլ բանկինգ․ ինչո՞ւ և ինչպե՞ս օգտագործել

Մոբայլ բանկինգը Ձեր «բանկն է» հեռախոսի մեջ՝ բջջային հավելվածի տեսքով, որի միջոցով հեշտ, արագ և առանց բանկ այցելելու կարող եք՝

  • վճարել կոմունալները
  • փոխանցել գումար
  • մարել վարկը
  • ներդնել ու համալրել ավանդ
  • հետևել անկանխիկ կատարված ծախսերին, ստանալ քաղվածք և կատարել բազմաթիվ այլ գործարքներ:

Մոբայլ բանկինգով գործարք անելու համար պետք է ներբեռնել հավելվածը և ակտիվացնել այն։ Ակտիվացնել կարող եք հեռահար կամ բանկ այցելելով։ Ցանկացած դեպքում այն Ձեզնից շատ ժամանակ չի խլի, իսկ փոխարենը կունենաք ժամանակակից ու օգտակար բանկային գործիք հենց ձեռքի տակ։

Մոբայլ բանկինգով գործարքներ անելու համար նախ պետք է այն ակտիվացնեք։ Կախված բանկից՝ ունեք ակտիվացման երկու տարբերակ՝ առցանց և բանկ այցելելով,  պետք է ճշտել բանկից։

Եթե որոշել եք առցանց, ապա․

  • հեռախոսի մեջ ներբեռնե՛ք բանկի հավելվածը,
  • գրանցվե՛ք ու անցե՛ք նույնականացումը,
  • ընտրե՛ք գաղտնաբառ հավելվածի համար և վերջ:

Բանկ այցելելու դեպքում

  • նախապես կամ էլ հենց բանկի մասնաճյուղում ներբեռնե՛ք հավելվածը,
  • բանկի աշխատակցի օգնությամբ գրանցվե՛ք, անցե՛ք նույնականացում և ընտրե՛ք գաղտնաբառ:

Հիշե՛ք, որ երկու եղանակով էլ հավելվածի ակտիվացման համար անհրաժեշտ են Ձեր անձը հաստատող փաստաթղթերը՝ նույնականացման քարտ կամ անձնագիր ու Հանրային ծառայությունների համարանիշ կամ այն չունենալու դեպքում տեղեկանք: 

Մոբայլ բանկինգը ֆինանսական գործարքներ կատարելու արագ ու հեշտ միջոց է, բայց կարևոր է հիշել անվտանգության մասին։ Եկե՛ք միասին բարելավենք Ձեր մոբայլ բանկինգի անվտանգությունը։

Եթե բանկը հնարավորություն է տալիս, հավելված մուտք գործելիս կիրառե՛ք եռագործոն նույնականացում՝ այսինքն․

  • մուտքանուն, գաղտնաբառ, պին,
  • հեռախոսին կամ էլ. հասցեին եկած մեկանգամյա կոդ
  • մատնահետք կամ face ID:

Եթե չկա եռագործոնի հնարավորություն, կիրառե՛ք գոնե երկուսը։ Դա կդժվարացնի խարդախների գործը, եթե նրանք ցանկանան օգտագործել Ձեր մոբայլ բանկինգը։

Ամեն գործարք հաստատելիս մուտքագրե՛ք Google authenticator-ով  ստացված մեկանգամյա կոդը։

Եվ իհարկե. ոչ ոքի մի՛ տվեք Ձեր նույնականացման քարտի, անձնագրի տվյալները, Ձեր բանկային քարտը և քարտի տվյալները՝ օրինակ CVV կոդ, PIN կոդ, մեկանգամյա գաղտնաբառ, մոբայլ բանկինգի մուտքանուն,  գաղտնաբառ և այլն։ Մի՛ փոխանցեք այս տվյալները զանգով, մեսինջերով և էլեկտրոնային նամակով։

Իսկ որեւէ կասկածելի բան նկատելիս անմիջապես կապվե՛ք բանկի հետ։

Մոբայլ բանկինգը կարող է օգնել խուսափել ֆինանսական խարդախություններից։ Տեսնենք, թե ինչպես.

  • Պարբերաբար կարող եք ստուգել Ձեր բանկային գործարքների պատմությունն ու հաշվի քաղվածքները, տեսնել Ձեր արած ու ստացած փոխանցումները և վճարումները։ Ոչ արտոնված գործարքներ նկատելիս անմիջապես բլոկավորե՛ք քարտդ, որպեսզի կանխեք ապագա գործարքները։
  • Կարող եք ակտիվացնել գործարքի տեղեկացման ծանուցումները՝ SMS-ով կամ էլեկտրոնային փոստով և ցանկացած գործարքի ժամանակ կստանաք հաղորդագրություն։ Ոչ արտոնված գործարք տեսնելիս անմիջապես կապվե՛ք բանկի հետ և բլոկավորե՛ք քարտը։
  • Եթե Ձեր անունով վարկ է ձեւակերպվում, դա երևում է Ձեր մոբայլ բանկինգում. ավտոմատ ակտիվանում է վարկ բաժինը և գրվում վարկի գումարը։ Եթե վարկ վերցնողը Դուք չեք, ու բախվել եք ֆինանսական խարդախության, շտապ դիմե՛ք բանկին և ոստիկանություն։ Եթե վարկի գումարը դեռ չի տրամադրվել, հնարավոր է չեղարկել գործարքը։

Ցանկացած կասկածելի գործարք տեսնելու դեպքում անմիջապե՛ս դիմեք բանկին։

Ինչպե՞ս վճարային քարտին կցել հավելյալ քարտ

Եթե ցանկանում եք Ձեր քարտին կցել մեկ այլ քարտ ու այն տալ ընտանիքի անդամին կամ այլ մարդու, ապա կարող եք հայտ ներկայացնել բանկ։ Պետք է տալ այդ մարդկանց վերաբերյալ հավաստի տվյալներ։

Այդ դեպքում Ձեզ կտրամադրվի այդ անձանց անունով թողարված կից մեկ քարտ, որի կանոնները և պայմանները Դուք պետք է ներկայացնեք այն անձանց, ում տրամադրել եք։ Գործելու են նույն կանոնները և պայմանները, որոնք որ գործում է Ձեր քարտի պարագայում։ Հավելյալ/կից քարտերով կատարվող բոլոր գնումների, վճարումների ու փոխանցումների գումարները գանձվում են Ձեր քարտային հաշվից: Իսկ երբ փակվի Ձեր քարտը, կփակվեն նաև կից քարտերը։

Ի՞նչ տարբերություն կա քարտի համարի և հաշվեհամարի միջև

Քարտի համարը քարտի վրա նշված թվերն են։ Դա օգտագործվում  է քարտից քարտ փոխանցումներ կատարելիս, առցանց գնումների ժամանակ, վճարային տերմինալով քարտային հաշվեհամարին գումար մուտքագրելիս և այլ դեպքերում։

Իսկ հաշվեհամարը Ձեզ տրամադրվում է  պայմանագրով։ Կարող է  տրամադրվել միանգամից մի քանի հաշվեհամար՝ տարբեր արժույթների համար։ Դա Ձեզ պետք կլինի հաշվեհամարով փոխանցումների դեպքում, օրինակ՝ աշխատավարձ ստանալիս։ 

Ի՞նչ տարբերություն կա PIN և OTP կոդերի, գաղտնաբառի և CVV համարի միջև

PIN կոդը (անհատական նույնականացման համար) վճարային քարտի անվտանգության և նույնականացման գործիք է, որն անհրաժեշտ է բանկոմատից և POS տերմինալից գումար կանխիկացնելու, իսկ չիպային քարտերի դեպքում՝ նաև POS տերմինալով վճարումներ կատարելու ժամանակ: Դա, սովորաբար, քառանիշ թիվ է, որը Դուք ինքներդ եք ընտրում կամ Ձեզ է տրամադրվում բանկի կողմից՝ քարտի հետ միասին, առանձին ծրարներով: Ինչպես ստորագրությունը, դա նույնպես  օգտագործվում է  ինքնության հաստատման համար և միայն Ձեզ է թույլ տալիս օգտագործել Ձեր փողերը:

Հիշե՛ք, որ PIN կոդին տիրապետում եք միայն Դուք, և դա չպետք է իմանա անգամ բանկի աշխատակիցը:

OTP կոդը (մեկանգամյա կիրառման գաղտնաբառ) Ձեր բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ուղարկվող մեկանգամյա գաղտնաբառ է, որն  օգտագործվում է քարտի PIN կոդը ստեղծելու և քարտն ակտիվացնելու, ինչպես նաև առցանց միջավայրում վճարումներ կատարելու ժամանակ՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով կամ քարտը որևէ կայքում գրանցելիս։

Քարտի գաղտնաբառը Ձեզ նույնականացնող ծածկագիր է, որը որոշում եք քարտը պատվիրելիս։ Հեռախոսով սպասարկման ժամանակ բանկի աշխատակիցը կարող է հարցնել Ձեր գաղտնաբառը, որը նրան կօգնի տեղեկություն ստանալ Ձեր տվյալների և հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ, ինչպես նաև հավաստիանալ, որ քարտը Ձեզ է պատկանում: Դա կարող է պահանջվել նաև քաղվածքն էլեկտրոնային փոստով ստանալու ու բացելու պարագայում  և այլ դեպքերում:

Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոխելու  ցանկություն ունենալու դեպքում Դուք կարող եք անձնագրով մոտենալ սպասարկող բանկի ցանկացած մասնաճյուղ և դիմել համապատասխան աշխատակցին:

CVV կոդը քարտի դարձերեսին (քարտի հետևի մասում) նշված եռանիշ կամ քառանիշ թիվ է, որը կիրառվում է ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելիս: Ի տարբերություն PIN կոդի և բանկային գաղտնաբառի՝ դա ոչ թե սահմանում եք Դուք, այլ արդեն գրված է լինում քարտի վրա: CVV կոդը հավելյալ պաշտպանիչ միջոց է՝ Ձեզ ինտերնետային միջավայրում խարդախություններից զերծ պահելու համար:

Հիշե՛ք՝ առցանց գործարքներ կատարելիս օգտագործվում է ոչ թե PIN կոդը, այլ CVV կոդը:Այսինքն՝ եթե որևէ մեկին դա հայտնի դառնա, կկարողանա Ձեր քարտով առցանց գնումներ կատարել՝ առանց Ձեր իմացության: Ահա թե ինչու CVV կոդը ևս պետք է գաղտնի պահել և այն չգրել այնպիսի ինտերնետային կայքերում, որոնք անապահով են թվում:

Ինչպե՞ս առանց քարտը ՊՈՍ տերմինալի մեջ մտցնելու/անհպում (NFC) կատարել վճարում

Վճարում կատարելու եղանակ է, որի միջոցով կարող եք օգտվել Ձեր քարտից՝ առանց սարքի մեջ մտցնելու կամ միջով անցկացնելու. անհրաժեշտ է պարզապես վճարման սարքին մոտեցնել քարտը, հեռախոսը, ժամացույցը կամ վճարման այլ գործիք։ Բայց անհրաժեշտ է, որ այդ վճարման սարքն ունենա անհպում վճարում ստանալու հնարավորություն. սարքի վրա պետք է պատկերված լինեն համապատասխան նշանները։

Այս տեսակի վճարումների ժամանակ Դուք չեք մուտքագրում PIN կոդը (եթե վճարվող գումարը չի գերազանցում 20 000 ՀՀ դրամը), քարտը չի անցկացվում սարքով, որը խնայում է ժամանակը,  քարտը մնում է Ձեզ մոտ, ոչ մի տվյալ չեք փոխանցում։ Նաև վերանում է քարտը բանկոմատում մոռանալու ռիսկը, քանզի պարզապես մոտեցնում եք համապատասխան նշանին ու կատարում գործարք։

20 000 ՀՀ դրամ առավելագույն սահմանաչափը նախատեսված է քարտի օգտագործման ռիսկերը նվազեցնելու համար. դրանից ավելի մեծ գումար ծախսելու դեպքում Դուք ստիպված եք մուտքագրել քարտի PIN կոդը՝ վճարումը կատարելու համար: Կարող եք նաև ընտրել գումարի այն չափը, որից բարձր գործարք կատարելիս կստանաք SMS հաղորդագրություն։ Օրինակ՝ բանկի հետ պայմանագիր ստորագրելիս ընտրեք 5000 դրամ սահմանաչափը և 5000 դրամը գերազանցող վճարում կամ փոխանցում կատարելիս կստանաք այդ մասին հաղորդագրություն։

Բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խստորեն հետևել անվտանգության կանոններին, որպեսզի պաշտպանված լինեն Ձեր ֆինանսական միջոցները։

Ի՞նչ են Google Pay-ն ու Apple Pay-ը

Google Pay-ը և Apple Pay-ը էլեկտրոնային վճարումների հավելվածներ են, որոնք հնարավորություն են տալիս վճարումները կատարելու սմարթֆոնի կամ այլ սարքերի օգնությամբ ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ սովորական խանութներում ու այլ հաստատություններում: Հավելվածն աշխատում է միայն այն սարքավորումներում, որոնք գործում են NFC տեխնոլոգիայով և ընդունում են անհպում վճարումներ (նման սարքերի վրա նշված է PayPass կամ PayWave):

Ինչպե՞ս կատարել վճարումներ Google Pay-ի օգնությամբ

Google Pay-ի միջոցով կարող եք կատարել անհպում վճարումներ՝ օգտագործելով Android հեռախոսներ կամ Wear OS ժամացույցներ: Նախ համոզվեք, որ վերջիններս ունեն NFC գործառույթ: Այնուհետև ներբեռնեք Google Pay հավելվածը և կցեք Ձեր բանկային քարտը: Google Pay-ի օգնությամբ վճարումներ կատարելիս պարտադիր  չէ հավելվածի ակտիվացումը. պարզապես ապաարգելափակեք հեռախոսը, մոտեցրեք  POS տերմինալին և սպասեք մինչև հեռախոսի էկրանին հայտնվի նշում:

Ինչպե՞ս կատարել վճարումներ Apple Pay-ի օգնությամբ

Apple Pay-ը գործում է iPhone 6-ից բարձր մոդելներում, այդ թվում՝ iPhone SE և Apple Watch (պետք է կարգավորել համակարգը iPhone 5-ի, 5s-ի և 5c-ի միջոցով):

Պետք է անցնել Apple Wallet և դրա միջոցով ակտիվացնել Apple Pay-ը՝ մուտքագրելով այն բանկի քարտի տվյալները, որը համագործակցում է Apple Pay-ի հետ: Կարող եք օգտվել նաև բանկային հավելվածներից (մոբայլ բանկինգ), որտեղ կա հղում  Apple Pay-ի համապատասխան ծրագրին, որը  կցվում է առցանց դրամապանակին: 

Apple Pay-ի կիրառությունը տեխնիկապես շատ պարզ է. Աջ կոճակը երկու անգամ սեղմել՝ Apple Pay-ի հավելվածն ավտոմատ կակտիվանա: Այնուհետև պետք է անցնել անվտանգության որոշակի փուլ (մատնահետք, Face ID, գաղտնաբառ), որից հետո արդեն կարելի է գործարք կատարել:

Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար պետք է միայն բջջային հեռախոսը մոտեցնել տերմինալին, հավելվածում ընտրել այն քարտը, որով ցանկանում եք կատարել վճարումը և մատով դիպչել Touch ID-ին: Apple Watch սարքերում վճարումն իրականացվում է սնուցման կոճակը երկու անգամ սեղմելու միջոցով՝ առանց հատուկ նույնականացման:

Ի՞նչ է քեշբեքը, ինչպե՞ս օգտվել դրանից

Քեշբեքը վճարված գումարի մի մասի վերադարձն է (օրինակ՝ ռեստորանի վճարում, կահույքի, տեխնիկայի, էլեկտրոնային ապրանքների գնում և այլն): Վերադարձը կարող է լինել գումարի, միավորների կամ էլ զեղչերի տեսքով։ Օրինակ՝ գնել եք հագուստ վաճառքի կետից, 20 000 դրամ վճարել մի քարտով, որն ունի այդ վաճառքի կետում 2% քեշբեք, ուրեմն քարտին կվերադարձվի 400 դրամ։

Քեշբեքը հնարավորություն կտա վերադարձնել գումար ու տնտեսել այն։

Դուք կարող եք օգտվել այս ծառայությունից, եթե քարտն ունենա այդ հնարավորությունը և համագործակցի վաճառքի այդ կետի հետ, ուստի պայմաններին պետք է ծանոթանալ՝ քարտը ձեռք բերելիս կամ բանկի կայքում կարդալով։ Բանկը նախօրոք սահմանում է վերադարձվող միջոցների տոկոսը ու քեշբեքի պայմանները, օրինակ՝ քանի օրում կստանաք գումարի վերադարձը, որքան գումարից սկսած է գործում առաջարկը:

Կարևոր է, որ քեշբեքը չի գործում բանկոմատներում գումարի կանխիկացման, փոխանցումների, կոմունալ ծառայությունների համար:

Քեշբեքից օգտվելու համար ձեզնից ավել քայլ չի պահանջվում անել։ Դուք քարտով վճարում եք, այնուհետև գումարը վերադարձվում է Ձեր հաշվին կամ ավտոմատ կերպով գրանցվում են Ձեր բոնուսները կամ միավորները, որոնք հետագայում կարող եք օգտագործել այլ գնումների համար։

Ինչպե՞ս անվտանգ կատարել գնումներ և գումարի կանխիկացում քարտի միջոցով

Վճարային քարտերով այս տեսակի գործառնություններ կարելի է իրականացնել POS տերմինալների և բանկոմատների միջոցով:

POS տերմինալները հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելու, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնելու:

Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ սպասարկման այլ կետերում, որտեղ առկա է Ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (պատկերանշանը/լոգոն) oրինակ` Visa, MasterCard և այլն:

Պատկերանշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

✔ Քարտով վճարում կատարելիս միշտ քարտը պահեք Ձեր տեսադաշտում: 

✔ Մինչև PIN-կոդը հավաքելը ստուգեք, որ գումարի չափը ճիշտ լրացված լինի:

✔ Ստուգեք նաև անդորրագրի վրա նշված գումարի չափը: 

✔ Պահպանեք անդորրագիրը, հետագայում համեմատեք քարտի ամսական քաղվածքի հետ: 

Դուք կարող եք նաև հրաժարվել գնումից, եթե, օրինակ, գումարը, սխալ է նշված: Այս դեպքում պահանջե՛ք, որ Ձեր վճարումը չեղյալ համարեն և Ձեզ տրամադրեն գործարքը չեղյալ համարելու անդորրագիր:

Անհպում վճարների պարագայում ևս պետք է լինել զգոն, որպեսզի Ձեր քարտով, առանց Ձեր իմացության, չկատարվեն գործարքներ: Այդ նպատակով կիրառվում է գումարի առավելագույն սահմանաչափ՝ 20 000 ՀՀ դրամ, որից ցածր արժեքով գնումների համար կարող եք պարզապես մոտեցնել քարտը POS տերմինալին: Իսկ այդ գումարից բարձր գումարով վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել PIN կոդը։

Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։

Բանկոմատից օգտվելու համար պետք է ունենաք քարտ և հիշեք քարտի PIN կոդը` բանկոմատում  մուտքագրելու համար:

Բանկոմատից օգտվելիս կատարեք հետևյալ քայլերը՝

✔ Ստուգե՛ք՝ արդյոք բանկոմատի վրա նշվա՞ծ է Ձեր քարտի պատկերանշանը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):

✔ Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքեք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել գործողությունները: 

✔ Հետևե'ք բանկոմատի էկրանին հայտնվող հրահանգներին։ 

Բանկոմատից օգտվելիս պահպանե՛ք անվտանգության հետևյալ կանոնները՝

PIN կոդը մուտքագրելիս զգուշացե՛ք, որ այլ մարդիկ չտեսնեն: Եթե բանկոմատի ստեղնաշարի վրա չկա պաշտպանական հարմարանք, ապա ինքնե՛րդ ձեռքով ծածկեք ստեղնաշարը, որպեսզի բացառեք զեղծարարների կողմից տեղադրված տեսախցիկներով կամ կողքից հետևողների միջոցով Ձեր PIN կոդը բացահայտելու վտանգը:

3 անգամ PIN կոդը սխալ հավաքելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել: Նման դեպքերում հարկավոր է դիմել Ձեր  բանկին կամ զանգել բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով՝ խնդրելով արգելափակել քարտը՝ այլ անձանց կողմից գործարքներ կատարելու հետևանքով վնասներ կրելու հավանականությունը նվազեցնելու նպատակով: 

Մի՛ օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ այն անսարք է կամ բանկոմատի էկրանից բացակայում են բանկի, միջազգային համակարգերի պատկերանշանները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ, քարտը մուտք անելու տեղում՝ հավելյալ մասեր և կասկածներ հարուցող լրացուցիչ այլ պարագաներ, որոնք, Ձեր կարծիքով, կարող են կեղծ լինել: 

Աշխատեք հնարավորինս արա՛գ կատարել  բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ համարվել, կամ բանկոմատը կարող է քարտը դուրս նետել, իսկ երկար ժամանակ որոշակի գործողություններ չանելու պարագայում նաև «կուլ տալ»՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանա՛ք վերցնել գումարը, քարտը, ցանկության դեպքում՝ նաև անդորրագիրը: Բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (կանխիկացման նվազագույն գումարը 1000 դրամ է):

Մի՛ հաշվեք գումարը այլ մարդկանց ներկայությամբ, ինչը կարող է մեծացնել գողության հավանականությունը: 

Հիշե՛ք նաև, որ այլ բանկի բանկոմատից գումարի կանխիկացման դեպքում սպասարկող բանկը հիմնականում գանձում է միջնորդավճար:

Մոտակայքում Ձեր բանկի բանկոմատ գտնելու համար ստուգե'ք բանկի մոբայլ բանկինգը, այցելե՛ք Ձեր բանկի կայք կամ զանգահարե՛ք։

Ինչպե՞ս կատարել անվտանգ առցանց գնումներ քարտի միջոցով

Առցանց առևտուրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հնարավորություն է տալիս.

✔ Հեշտությամբ գտնելու Ձեզ հետաքրքրող ապրանքները, ինչպես նաև խմբավորելու դրանք՝ ըստ ապրանքանշանի, գնի, ֆիզիկական հատկանիշի (գույն, չափ) և այլն։

✔ Համեմատելու տարբեր ապրանքների ու տարբեր խանութների առաջարկները` առանց տնից դուրս գալու։

✔ Գնումներ կատարելու ցանկացած ժամանակ` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։

✔ Չմտածելու մեծածավալ գնումները տուն հասցնելու մասին, քանի որ առցանց խանութներն առաջարկում են նաև առաքում։

✔ Ծանոթանալու ապրանքի մանրամասն նկարագրությանը, օգտագործման հրահանգներին և դրա վերաբերյալ այլ տեղեկությունների։

✔ Ծանոթանալու ապրանքն արդեն ձեռք բերած սպառողների կարծիքներին և ապրանքի մասին նրանց գնահատականներին կամ խորհուրդներին։ 

✔ Եվ վերջապես՝ գտնելու ավելի մատչելի տարբերակներ։

Առցանց առևտուրը պարունակում է նաև ռիսկեր, որոնց առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևել այս կանոններին՝

Հատուկ քարտ. համացանցի միջոցով գնումները կատարեք դրանց համար առանձնացված քարտով, որտեղ աշխատեք պահել այնքան գումար, որքան  հարկավոր է Ձեզ՝ առևտուր կատարելու համար: Խուսափե՛ք այդ քարտերում խոշոր գումարներ պահելուց, հնարավորության դեպքում օգտագործե՛ք քարտեր՝ առանց  վարկային գծի հնարավորության:

Ապահով կայքեր. ընտրե՛ք ապահով կայքեր, որոնք սկսվում են https:// գրառումով, «կողպեքի» նշանով են, հասցեի կանաչ գրառմամբ և ապահովության այլ նշաններով։

Հավաստագրված կայքեր, վաճառողներ. օգտվեք հայտնի կայքերից, նորաստեղծ կամ անճանաչ կայքերը կարող են խնդրահարույց լինել։ Միջազգային կայքերից օգտվելիս համոզվեք, որ կայքերը  հավաստագրված, ստուգված կամ ճանաչված են, օրինակ` «Verified by VISA», «MasterCard Secure Code» և այլն: Գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ, Google Maps ծրագրով՝ արդյոք նման հասցե  գոյություն ունի, և ինչ է գտնվում այդ հասցեում:

Կարծիքներ. կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները։ Երբեմն շատ գեղեցիկ նկարներով են Ձեզ գայթակղում, բայց հետո գալիս է անորակ ու տգեղ ապրանք։ Երբեմն Ձեզ պարզապես խաբում են, գումար կորզում ու չեն  ուղարկում ապրանքը։ 

3D secure համակարգ. անվտանգության հնարավորություն է տալիս նաև 3D secure համակարգը, որի պարագայում գնում կատարելու և գործարքը շարունակելու համար Դուք հաղորդագրության (SMS-ով / էլ. նամակով) միջոցով մեկանգամյա գաղտնաբառ եք ստանում: Դա անհրաժեշտ է մուտքագրել  գործարքի կատարման կայքում՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով: 

Login, pass. կայքերում Ձեզ համար մուտքի գաղտնաբառ ընտրելիս և Ձեր քարտը գրանցելիս ընտրե՛ք ավելի բարդ տարբերակներ. ներառե՛ք մեծատառ, թվեր, նշաններ: Մի՛ եղեք կանխատեսելի՝ գրելով հեշտ գուշակվող տեղեկություններ, օրինակ՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, password բառը, Aa1234567 և այլն: 

Բողոքելու ուղիները. մանրամա՛սն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման կանոններին։ Մեծ է ռիսկը, որ առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել համացանցում դրա նկարագրությանը, ուստի հարկ լինի վերադարձնելու ապրանքը։

Վերջնական գին. ուշադի՛ր եղեք վճարումից առաջ. ճշտե՛ք ապրանքի վերջնական գինը, որը ներառում է միջնորդավճարները, առաքման գումարը, հարկերը և այլ լրացուցիչ ծախսեր:

Պաշտպանե'ք Ձեր տվյալները. մի՛ տեղադրեք քարտի լուսանկարը հանրորեն հասանելի որևէ վայրում, օրինակ` սոցիալական ցանցերում։ Համակարգիչը զե՛րծ պահեք համակարգչային վիրուսներից և վտանգավոր ծրագրերից։ Մի՛ այցելեք կասկածելի կայքեր, պարբերաբար թարմացրե՛ք հակավիրուսային համակարգը: 

Հեշտ մի' հավատացեք. մի՛ տրվեք «չափազանց լավ» առաջարկներին՝

- Գնե՛ք այս ժամացույցը՝ վճարելով միայն առաքման համար:

- Անվճար ճամփորդություն դեպի Իտալիա՝ ուսանողների համար:

Այսպիսի հայտարարություններով հիմնականում փորձում են Ձեզնից կորզել անձնական տեղեկություններ՝ հետագայում դրանք զեղծարարության կամ խարդախության նպատակներով օգտագործելու համար:

Անհրաժեշտություն կա՞ մի քանի քարտ ունենալու

Այս հարցի պատասխանը կախված է Ձեր ֆինանսական վիճակից ու ծախսային սովորություններից։

  • Մի քանի քարտ ունենալը հնարավորություն կտա բավարարել տարբեր կարիքներ, օրինակ՝ կունենաք առանձին աշխատավարձի քարտ, որը չեք գրանցի գնման կայքերում ու չեք կրի խարդախությունների և այլ ռիսկեր։ Իսկ վճարումների ու առցանց գնումների համար կունենաք առանձին քարտ, վրան կպահեք գնման չափով գումար ու կկատարեք ավելի ապահով գնումներ։
  • Կարող եք ըստ արժույթի ունենալ մի քանի քարտ։ Օրինակ՝ Եվրոպայում շրջագայելիս կարող եք օգտագործել եվրոյով քարտը, իսկ Ամերիկա մեկնելու համար՝ ունենալ դոլարով քարտ։ Դա հնարավորություն կտա ունենալ կայունություն ու չկրել արտարժույթի փոխարժեքի տատանման ռիսկը, այսինքն՝ երբ դոլարի «կուրսը» դրամի նկատմամբ տատանվի, այն չի ազդի Ձեր գումարի մնացորդի վրա (օր․՝ 300 դոլարը նույն չափով կմնա հաշվին՝ անկախ տարադրամի փոխարժեքից)։ Բացի դրանից՝ արտասահմանյան գնումները կկատարեք միայն այդ քարտով ու չեք ծախսի ավելին, քան նախատեսել էիք, ու չեք կրի խարդախությունների ռիսկը։
    Կան նաև բազմարժութային քարտեր, որոնց դեպքում նույն քարտը ունի մի քանի արժույթով հաշվեհամարներ։ Այդ քարտով վճարելիս, եթե գործարքի արժույթը համապատասխանում է որևէ հաշվի արժույթին, ապա այն իրականացվում է տվյալ հաշվի արժույթով: Օրինակ՝ եթե ունեք նույն քարտի դրամայաին հաշվին 20 000 դրամ մնացորդ, դոլարայինին՝ 70 դոլար մնացորդ և եվրոյով հաշվին 50 եվրո մնացորդ, գնում եք կատարում Գերմանիայում, վճարում կատարելիս ՊՈՍ տերմինալի վրա կարող է հայտնվել հարց, թե որ արժույթով եք ցանկանում վճարել։ Եթե ընտրեք եվրոն, ապա գումարը կգանձվի Ձեր եվրոյի հաշվեհամարից։ Իսկ եթե չհայտնվի հարցը, ապա ավտոմատ կերպով գանձումը կկատարվի 50 եվրոյից։
  • Տարբեր քարտերը տարբեր հնարավորություններ են տալիս, օրինակ՝ կարող եք ունենալ գնումների համար հատուկ քարտ, որը քեշբեք է առաջարկում։ Մեկ այլ քարտ կարող է արտասահմանյան գնումների համար ավելի շահավետ հնարավորություններ տրամադրել։ Այս մասին կարող եք կարդալ բանկերի քարտային առաջարկներում։ Ֆինանսական տեղեկատուն (fininfo.am) ևս կարող է Ձեզ օգնել այս հարցում։
  • Իսկ վարկային գծով քարտ ունենալը և պատշաճ վճարելը հնարավորություն կտա ձևավորել լավ վարկային պատմություն, ինչն էլ կօգնի օգտվել վարկային այլ առաջարկներից։
  • Միևնույն ժամանակ տարբեր քարտեր ունենալը կարող է թանկ արժենալ՝ սպասարկման ու այլ ծախսերի պատճառով։ Համադրե՛ք ծախսերը և ստացվելիք օգուտները՝ որոշում կայացնելուց առաջ։ Բանկերի քարտային հատուկ առաջարկները ևս կարող են օգտակար լինել։

Ինչպե՞ս տեղեկանամ հաշվիս կամ քարտիս գումար նստելու կամ պակասելու մասին

Բանկային հաշվի կամ քարտի մնացորդն իմանալու ամենաարագ ճանապարհը մոբայլ բանկինգն է։ Դա Ձեր բանկն է Ձեր հեռախոսի մեջ։ Այդ բջջային հավելվածում կտեսնեք, թե որքան գումար կա հաշվին, «Պատմություն» կամ «Քաղվածք» բաժնում երևում է, թե ինչ գործարքներ են կատարվել քարտով կամ հաշվով։

Ակտիվացրե՛ք գումարի շարժի դեպքում հաղորդագրություն (SMS) ստանալու ծառայությունը, այդ դեպքում Ձեր ընտրած սահմանաչափը գերազանցող շարժի դեպքում կստանաք հաղորդագրություն ու կիմանաք, թե ինչ է կատարվում Ձեր փողերով։ Օրինակ՝ եթե սահմանաչափը 5000 դրամ է, խանություն 5000 դրամ առևտուր անելուց հետո կստանաք հաղորդագրություն, որ գնումը կազմել է 5000 դրամ, ու հաշվի մնացորդն է XXX դրամ։

Եթե չունեք մոբայլ բանկինգ, ապա կարող եք գումարի մնացորդը ստուգել բանկոմատով։ Եվ վերջապես կարող եք կապվել նաև բանկ, ասել բանկային Ձեր գաղտնաբառը ու տեղեկանալ Ձեր գումարի մասին։

Ինչպե՞ս խուսափել քարտային հայտնի խարդախություններից

Չնայած նրան, որ վճարային քարտերը հնարավորինս պաշտպանված են և վերահսկվում են բանկերի կողմից, երբեմն դրանց անզգույշ օգտագործումը կարող է վտանգի ենթարկել Ձեր միջոցների ապահովությունը: Դիտարկենք մեր օրերում տարածված քարտային խարդախություններից մի քանիսը:

Ցածր տոկոսադրույքով վարկի առաջարկներ

Այս խարդախությանը զոհ են դառնում մասնավորապես վարկային քարտերի օգտատերերը:

Հանցագործները կապվում են Ձեզ հետ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով, ներկայանում են որպես հայտնի վարկատուների կամ բանկերի աշխատակիցներ և հայտնում, որ Դուք կարող եք նոր վարկ վերցնել անհավանական ավելի ցածր տոկոսադրույքով կամ ստանալ արդեն իսկ վերցված վարկի տոկոսադրույքի մեծ զեղչեր:

Նրանք հիմնականում ասում են, որ առաջարկից օգտվելու  շատ քիչ ժամանակ ունեք, շեշտում են անհապաղ գործելու անհրաժեշտությունը և պահանջում Ձեր վարկային քարտի տվյալները:

Մի՛ ընկեք  «թակարդը»: Եթե որևէ մեկը զանգահարի, հաղորդագրություններ ուղարկի կամ այլ կերպ կապ հաստատի Ձեզ հետ և խնդրի Ձեր բանկային տվյալները, մի պատասխանեք: Ազնիվ վարկատուները և բանկերը երբեք նման կերպ չեն կապվում իրենց հաճախորդների հետ կամ պահանջում որևէ վճարում կատարել հեռախոսազանգի միջոցով:

Եթե ցանկանում եք օգտվել առաջարկից, որը, կարծում եք, կարող է իրական լինել, անմիջապես կապվե՛ք բանկի հետ՝ օգտագործելով Ձեր պայմանագրում նշված հաղորդակցման պաշտոնական  տվյալները կամ պարզապես գրե՛ք մոբայլ բանկինգով: Կարող եք նաև այցելել բանկի մասնաճյուղ: 

Բարեգործություն կատարելու առաջարկ

Նման խարդախությունների ժամանակ խաբեբաները հանդես են գալիս որպես հայտնի կազմակերպություններ և խրախուսում են մարդկանց՝ կատարելու բարեգործական նվիրատվություններ:

Առավել համոզիչ թվալու համար նրանք երբեմն հանդես են գալիս այնպիսի պատմություններով, որոնց մասին այդ պահին խոսում են բոլորը հեռուստատեսությամբ կամ համացանցում:

Եթե հանդիպում եք նման առաջարկի սոցիալական կայքերում կամ ստանում եք զանգեր նվիրատվություն անելու խնդրանքով, երբեք մի՛ տրամադրեք որևէ բանակային տվյալ: Նախքան գումարը ներկայացված հաշվեհամարին փոխանցելը՝ փորձեք տեղեկանալ՝ արդյոք նշված կազմակերպությունը գոյություն ունի՞ և այդ պահին կազմակերպե՞լ է նման բարեգործական ծրագիր, թե՞ ոչ: Կարող եք կապվել այդ պատմության «հերոս» մարդկանց հետ, իմանալ ճշմարտությունն ու ուղղակիորեն նրանց փոխանցել գումարը, այլ ոչ թե միջնորդներին։

«Խարդախ» Wi-Fi-ի օգտագործում

Կիբեռհանցագործները հաճախ օգտագործում են անապահով ցանցեր՝ սարքերին հասանելիություն ձեռք բերելու և բանկային տվյալները գողանալու համար:

Նրանք ստեղծում են կեղծ Wi-Fi ազդանշաններ, որոնց միանալ փորձելով, Դուք հանցագործներին հնարավորություն եք տալիս տեսնելու Ձեր հեռախոսի մեջ կամ համակարգչում առկա ամբողջ տեղեկությունը:

Նման խարդախություններից խուսափելու և Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար միշտ խնդրեք սրճարանի, հանրախանութի, բանկի կամ այլ կազմակերպության աշխատակցին ցույց տալ իրական Wi-Fi անվանումը և տրամադրել ծածկագիրը:

Բանկոմատների կամ տերմինալների վրա տեղադրված հատուկ ընթերցող սարքեր

Այս խարդախության ժամանակ հանցագործները վճարային տերմինալների և բանկոմատների վրա տեղադրում են հատուկ սկանավորման սարքեր, որոնք կարդում և պատճենում են Ձեր քարտում առկա տեղեկությունը:

Նման դեպքերից խուսափելու համար միշտ օգտվե՛ք բանկի տարածքում կամ այլ անվտանգ վայրերում տեղադրված վստահելի բանկոմատներից:

Կարող եք օգտվել նաև քարտի տվյալները պաշտպանող հատուկ դրամապանակներից, որոնք նախատեսված են անհպում վճարումների հնարավորությամբ քարտերի համար։ Դրանք պատված են հատուկ շերտով, որը պաշտպանում է  քարտային տվյալները խարդախներից, ովքեր կարող են հատուկ սարքերով փորձել Ձեր քարտից գումար կորզել, երբ այն, օրինակ, պայուսակում է կամ գրպանում։

Ֆիշինգ

Ֆիշինգը համացանցային խարդախության տեսակ է, որի նպատակն է հասանելիություն ստանալ Ձեր գաղտնի տվյալներին:

Կիբեռհանցագործները ստեղծում են ինտերնետային խանութների, բանկերի և վճարային համակարգերի կեղծ էջեր և Ձեզ առաջարկում գրանցվել՝ դրանցից օգտվել կարողանալու համար: Կարող են շատ ճարպիկ լինել ու նամակ ուղարկել, օրինակ, Ձեր ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից՝ տվյալների, իբր, Ձեզ  թարմացման նպատակով։ Արդյունքում հղում են ուղարկում, որի վրա սեղմելով, հայտնվում եք մի կայքում, որտեղ պահանջվում է լրացնել  Ձեր անձնական տվյալները։

Ֆիշինգից պաշտպանվելու համար պետք է չանցնել սոցիալական կայքերում տեղադրված կամ էլեկտրոնային փոստով ուղարկված կասկածելի հղումներով և չներբեռնել անծանոթ անձանց կողմից ուղարկված ֆայլեր:

Ի՞նչ անել, երբ խարդախության կամ զեղծարարության զոհ եք դարձել

Նախ վստահ եղեք, որ դա ֆինանսական զեղծարարություն կամ խարդախություն է։ Օրինակ՝ կեղծ կայքով Ձեր միջոցներն են խլել, առանց Ձեր համաձայնության, Ձեր անունից առևտուր են արել կամ գործարք կնքել և այլն։

Այս դեպքում անհրաժեշտ կլինի կանխել խարդախների հետագա քայլերը՝ քարտն արգելափակելով կամ առհասարակ փակելով։ Հարկ կլինի փոխել գաղտնաբառը, որը կարող է հասանելի դարձած լինել խարդախներին։ Անհրաժեշտ կլինի մաքրել համակարգիչը վիրուսներից։

Այնուհետև կարող եք դիմել իրավապահ մարմիններին՝ հետաքննություն կազմակերպելու ու հանցանքը բացահայտելու նպատակով։

Եթե կարծում եք, որ առկա է բանկի մեղավորությունը, ապա կարող եք դիմել առևտրային բանկին, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։

Կարո՞ղ է արտասահմանցին, ոչ ռեզիդենտը հայկական քարտ ձեռք բերել

Արտասահմանցիների ու ոչ ռեզիդենտների համար բանկային հաշիվներ բացելը, վճարային քարտեր ունենալն ու բանկային գործարքներ անելը արգելված չէ։

Բայց այդ գործարքները պետք է բավարարեն Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ՓԼԱՖ) պահանջներին, չհետապնդեն այլ նպատակներ, օրինակ` շրջանցել հարկային օրենքները կամ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև համապատասխանեն այն երկրների օրենսդրական պահանջներին, որոնց հետ կամ որոնց արժույթով իրականացվում են գործարքները:

Նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների համար բանկային հաշիվ բացելիս բանկերը կարող են սահմանել այլ պայմաններ, օրինակ՝ լրացուցիչ գումարի գանձում, լրացուցիչ փաստաթղթերի պահանջում, օրինակ՝ եկամտի աղբյուրի մասին տեղեկանք, գրանցման հասցե և այլն։ Դա հիմնականում կիրառվում է` բանկերի հավելյալ ռիսկերն ապահովագրելու համար։

Ի՞նչ անել, երբ կորցրել եք քարտը կամ այն գողացել են

Վճարային քարտը կորցնելու դեպքում պետք է անհապաղ ապաակտիվացնել/բլոկավորել քարտը, որպեսզի քարտով Ձեր անունից չկատարվեն գործարքներ, կամ չունենաք անձնական տվյալների կորուստ։ Դա կարող եք անել առանց բանկ այցելելու անգամ զանգահարելու, ինքներդ կարող եք ձեր սմարթֆոնով Mobile banking-ի՝ այսինքն Ձեր բանկի հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում:

Քարտը կարող եք բլոկավորել նաև՝ բանկ զանգելով կամ այցելելով։

Իսկ դրանից հետո քարտը պետք է վերաթողարկել, որի համար պետք է դիմել բանկին։

Ե՞րբ է բանկոմատը «կուլ տալիս»/առգրավում քարտը, ի՞նչ անել այդ դեպքում

Բանկոմատը քարտն առգրավում է մի քանի դեպքերում․

-       Երբ հաջորդաբար 3 անգամ սխալ եք հավաքել PIN կոդը։

-       Քարտն առգրավվում է բանկի կողմից, երբ այն մոռանում եք բանկոմատի վրա։

-       Քարտի առգրավումը կարող է նաև բանկոմատի խափանման կամ տեխնիկական այլ պատճառով լինել։

Այս դեպքում պետք է դիմել Ձեր քարտը թողարկող բանկին։ Տարբեր բանկերի քարտի վերադարձման պայմանները տարբեր են, օրինակ՝ հնարավոր է, որ պետք լինի քարտը վերցնել գլխամասային գրասենյակից։ Վերադարձման ժամկետներն ըստ բանկերի ևս տարբերվում են։ Շտապ վերադարձի համար սովորաբար գործում են հատուկ սակագներ։ Արտասահմանում քարտի առգրավման դեպքում քարտը պետք կլինի բլոկավորել ու վերաթողարկել այն թողարկող բանկ կողմից։ Նույնն է Հայաստանում բանկերի կողմից արտասահմանյան բանկի քարտի առգրավման դեպքում․ հաճախորդը պետք է իր քարտը բլոկավորի ու վերաթողարկի արդեն իր բանկում։

Ի՞նչ անել, երբ փոխանցումը սխալ է կատարվել կամ սխալմամբ գումար եք ստացել

Եթե մոբայլ բանկինգով գումար փոխանցելիս սխալվել եք, ու գումարն ուրիշին եք փոխանցվել, ապա գումարը հետ կարող եք ստանալ հետևալ ձևերով.

  • Եթե սխալմամբ փոխանցել եք ուրիշի բանկային հաշվին, որոշ բանկերի մոբայլ բանկինգով կարող եք մի քանի րոպեի ընթացքում չեղարկել գործարքը։ 
  • Բայց եթե սխալ փոխանցում եք կատարել ուրիշի քարտին կամ հաշվեհամարին, ու գումարն արդեն փոխանցվել է, հայտնե՛ք այդ մասին Ձեր բանկին։ Դա կարող եք անել մոբայլ բանկինգով նամակ գրելով, բանկ զանգելով կամ այցելելով։ Բանկը տեղեկացնում է գումարը ստացողին, ստանալ նրա համաձայնությունը ու կազմակերպել գումարի վերադարձը։ Եթե ստացողը համաձայնություն չի տալիս, ապա նրանից Ձեր գումարը կարող եք հետ ստանալ դատական կարգով։ Արա'գ գործեք, քանի որ բանկը նախ պետք է բացահայտի, թե ում եք փոխանցել, հետո ստանա այդ մարդու թույլտվությունը, որից հետո միայն հնարավոր կլինի վերադարձնել գումարը։ 

Իսկ եթե սխալմամբ Ձեզ են գումար փոխանցել, մի՛ շտապեք ուրախանալ։ Նախ մեկ անգամ եւս մոբայլ բանկինգով ստուգե՛ք Ձեր վճարումների պատմությունը  կամ քաղվածքը ու համոզվե՛ք, որ սխալ է կատարվել։ Հետո այդ մասին տեղեկացրեք Ձեր բանկին։ 

Կարո՞ղ եմ փոխել քարտիս ՊԻՆ կոդը

Եթե կասկածում եք, որ ՊԻՆ կոդն ինչ-որ մեկի մոտ է հայտնվել կամ այլ պատճառով ցանկանում եք փոխել այն, ապա դա հնարավոր է կատարել բանկոմատի միջոցով։ Մուտքագրե՛ք քարտը, հավաքե՛ք հին ՊԻՆ-ը, բանկոմատի «Լրացուցիչ ծառայություններ» բաժնում կտեսնեք ՊԻՆ-ը փոփոխելու հնարավորությունը։

Ի՞նչ տարբերություն ՊԻՆ կոդի ու բանկային գաղտնաբառի միջև

ՊԻՆ կոդը քարտի այն գաղտնի տվյալն է, որը որոշում եք բանկոմատի միջոցով քարտը ստանալիս: Այն չպետք է իմանա ոչ ոք, անգամ բանկի աշխատակիցը։ ՊԻՆ կոդն անհրաժեշտ է բանկոմատներից, կանխիկացման կետերից, որոշ դեպքերում նաև գնումներ իրականացնելու համար, օրինակ՝ երբ Դուք անհպում վճարումների համար սահմանաչափ եք դրել 20 000 դրամ, ուրեմն այդ գումարից բարձր վճարումների համար կմուտքագրեք ՊԻՆ կոդը:

Բանկային գաղտնաբառը բանկի աշխատողին ասում եք քարտը ստանալու համար լրացված դիմումի մեջ: Բանկի աշխատողը արդեն գիտի գաղտնաբառն, և եթե զանգեք բանկ, որևէ գործարք անեք հեռախոսով, բանկի աշխատողը Ձեզ կհարցնի գաղտնաբառը, ձեզ կնույնականցնի ու կանի գործարքը։ Բանկային գաղտնաբառը պետք կգա Ձեզ որպես քարտապան նույնականացնելու համար, Ձեր մասին բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ տրամադրելու համար,  ինչպես նաև վիրտուալ քարտ գրանցելու համար: Չնայած որ բանկային գաղտնաբառը գիտի բանկի աշխատակիցը, այն ևս ոչ ոքի չպետք է փոխանցել։

Ի՞նչ անել, երբ ոտնահարվել են Ձեր իրավունքները

Վճարային քարտերով գործարքների իրականացումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով  և Կենտրոնական բանկի իրավական ակտերով,  քարտը տրամադրող բանկի հետ կնքված պայմանագրով և տվյալ բանկի ներքին ընթացակարգերով:

Ձեր իրավունքները բանկերի կողմից ոտնահարվելու դեպքում անհրաժեշտ է դիմել՝

Բանկին. կարող եք գրել դիմում, որին բանկը պետք է պատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպքում բանկը պարտավոր է  տեղեկացնել այդ մասին Ձեր առաջարկած հաղորդակցման տարբերակով (էլ. նամակ, փոստային նամակ): Դիմում-պահանջ ներկայացնելու համար կարող եք օգտվել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք»  թերթիկից: 

✔ Եթե բանկից ստացած պատասխանը Ձեզ չի գոհացնում, դիմեք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ , որի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ: Հաշտարարին կարող եք դիմել գույքային պահանջների պարագայում, այսինքն՝ եթե կրել եք գույքային/դրամական վնաս: Այս դեպքում կարևոր է նաև, որ գումարային պահանջը չգերազանցի 10 միլիոն ՀՀ դրամը և ունենա մեկ տարուց պակաս վաղեմություն: Հաշտարարի միջնորդությամբ խնդիրը սովորաբար լուծում է ստանում 28 օրվա ընթացքում:

✔ Կարող եք դիմել նաև դատարան, սակայն հիշե՛ք, որ դատարանից հետո այլևս չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Բացի այդ՝ դատական գործընթացը երկար և ծախսատար կարող է լինել:

Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ կայքի «Իրավունքներ» բաժնում:

Չգրված կանոններ

  1. Ինչպես ժողովուրդն է սիրում ասել, «Փողը հաշվել է սիրում». պարբերաբար ստուգե՛ք Ձեր հաշվի քաղվածքը և համեմատե՛ք անդորրագրերի հետ: Գնումներ կատարելիս ստուգե՛ք գումարը POS տերմինալի վրա, նո՛ր մոտեցրեք քարտը։
  2. «Ոտքդ վերմակիդ չափ մեկնիր». կարևոր է իմանալ Ձեր կարիքները և ռեսուրսները որոշումներ կատարելուց առաջ:
  3. «Անվճար պանիրը միայն թակարդում է». Զգուշացե՛ք կասկածելի և գրավիչ առաջարկներից, օրինակ՝ արագ ու քիչ փաստաթղթերով վարկի հնարավորությունից:
  4. Երբեք ոչ ոքի մի՛ տվեք Ձեր քարտի PIN կոդը, քարտի հետևում նշված CVV կոդը և SMS-ով կամ էլ․ նամակով ստացված մեկանգամյա կոդը (One time password OTP): Քարտի վրա մի՛ գրեք PIN կոդը։
  5. Մի՛ վստահեք Ձեր PIN-ը այլ մարդկանց, անգամ այն դեպքում, երբ այդ մարդկանց երկար ժամանակ եք ճանաչում:
  6. Ժամանակը ոսկի է. Ձեր ժամանակը խնայելու լավ տարբերակ է մոբայլ բանկինգը: Ոչ թե Դուք եք գնում բանկ, այլ բանկն է գալիս Ձեզ մոտ:
  7. Քարտերը համեմատե՛ք ու ընտրե՛ք Fininfo.am հարթակում։
  8. Առցանց գնումներ կատարե՛ք հայտնի կայքերից, հեշտությամբ մի՛ վստահեք սոցիալական կայքերի գովազդներին։
  9. Առցանց գնումների համար ունեցե՛ք առանձին քարտ և վրան գնման համար նախատեսված գումար միայն։

10. Պայմանագրերի պայմանները իմանալը Ձեր պատասխանատվությունն է: Անպայման ուշադի՛ր կարդացեք բոլոր կետերը և վերցրեք Ձեր օրինակը:

Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ուզում եմ վճարային քարտ ունենալ
  2. Ինչու բացել բանկային հաշիվ
  3. Ինչ օգուտներ ունի էլեկտրոնային փողը
  4. Անվտանգ և շահավետ ինտերնետային գնումներ 
  5. Արագ և անվճար գտեք ձեզ ամենահարմար վճարային քարտը
  6. Ֆինանսական փորձանք. ինչպես հեռու մնալ
  7. 12 կանոն ինտերնետում բանկային քարտից անվտանգ օգտվելու համար

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում