Էլեկտրոնային փողը տեխնիկայի (համակարգիչ, բջջային հեռախոս և այլն) միջոցով, էլեկտրոնային եղանակով փոխանակվող արժեքն է:
1 էլեկտրոնային միավորը համարժեք է 1 ՀՀ դրամին, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային փողը հիմնված է դրամական միջոցների վրա, սակայն չունի թղթադրամներին և մետաղադրամներին բնորոշ շոշափելի տեսք: Ինչպես և սովորական փողով, էլեկտրոնային փողով նույնպես կարելի է գնել ապրանքներ և ծառայություններ, իրականացնել միջազգային գործարքներ:
Ֆինանսական համակարգում օգտագործվող փողերի մեծ մասը շրջանառվում է թվայնացված միջավայրում: Սովորաբար էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր թողարկած էլեկտրոնային միավորի շրջանառության միջավայրը և բնագավառները, սակայն գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված սահմանափակումներ՝ կապված որոշակի ոլորտներում (օրինակ՝ արգելված կայքեր) օգտագործելու հետ:
Դուք կարող եք այդ ծառայությունը մատուցող կազմակերպության էլեկտրոնային դրամապանակից ձեռք բերել, մուտքագրել գումար և այդ գումարով կատարել կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների համար կատարվող վճարումը:
Էլեկտրոնային փողը թույլ է տալիս կատարել վճարներ բջջային հեռախոսով կամ համակարգչով՝ առանց կանխիկ փողի, բանկ այցելելու կամ բանկոմատից գումար կանխիկացնելու:
Ցանկության դեպքում էլեկտրոնային փողը կարելի է վերածել թղթադրամների, օրինակ՝ բանկոմատից կանխիկացնելու միջոցով:
Կախված կիրառվող տեխնոլոգիայից՝ կա էլեկտրոնային փողի 2 տեսակ՝
1. Էլեկտրոնային քսակ. այս դեպքում էլեկտրոնային փողը թողարկվում է քարտի հիման վրա: Գումարը մուտքագրվում է քարտի կամ այլ սարքավորման մեջ և օգտագործվում համապատասխան ենթակառուցվածքի միջոցով, ինչպես օրինակ՝ մետրոյի անցակետում: Գումարը պակասեցվում է օգտագործման կամ ավելացվում է լիցքավորման ընթացքում՝ իրական ժամանակում:
2. Վիրտուալ փող. այս դեպքում էլեկտրոնային փողը թողարկվում է համակարգչային համակարգի հիման վրա: Դրամական արժեքը «մուտքագրվում է» օպերացիոն համակարգում կամ ծրագրային ապահովման մեջ և օգտագործվում ներքին ցանցի կամ համացանցի միջոցով:
Էլեկտրոնային փողը, նույնականացման տեսանկյունից, կարող է լինել՝
Անանունություն. մեկանգամյա էլեկտրոնային փողի օգտագործումը ապահովում է անանունություն՝ ի տարբերություն վճարային քարտերով գործարքների: Վերալիցքավորվող էլեկտրոնային փողով իրականացվող գործարքներն անցնում են առցանց «դարպասների» միջով, որոնք ապահովում են ձեր տեղեկատվության գաղտնիությունը:
Հարմարավետություն. էլեկտրոնային փողը կարելի է օգտագործել ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ անկախ ժամային գոտիների տարբերությունից ու աշխատանքային ժամերից: Դա ավելի արագ և վստահելի վճարամիջոց է:
Կանխիկ եղանակով միջազգային փոխանցման դեպքում գումարը հաշվետիրոջը կարող է հասնել մի քանի օրվա ընթացքում, մինչդեռ էլեկտրոնային փողն անմիջապես հասանելի է դառնում ստացողին:
Ապահովություն. էլեկտրոնային փողով կատարվող բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է պահպանել և հետագայում վերստուգել: Կանխիկի օգտագործման դեպքում միշտ կա կորստի կամ գողության վտանգ:
Ծանոթացեք էլեկտրոնային փողի օգտագործման պայմաններին և դա թողարկողին՝ նախքան օգտվելը:
Համացանցում ձեր անձնական գաղտնի տվյալները մուտքագրելուց առաջ համոզվեք, որ կայքի հասցեն սկսվում է https://-ով:
Կատարեք ֆինանսական գործարքները բացառապես ձեր անձնական համակարգչով և խուսափեք ձեր գաղտնի տվյալների արտահոսքից:
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։