Ամեն օր, ամեն պահին ստեղծվում են նոր զեղծարարություններ ու խարդախություններ։ Թե ինչ նոր հնարամիտ խարդախություններ կմոգոնվեն, դժվար է գուշակել, բայց այս նյութը Ձեզ կօգնի զերծ մնալ դրանցից։
Մենք ապրում ենք տեխնոլոգիական զարգացումներով լի դարաշրջանում, որտեղ բոլորս այս կամ այլ ձևերով իրար կապակցված ենք: Այս միջավայրում ֆինանսական խարդախության սպառնալիքը մարտահրավերներ է ստեղծում ինչպես անհատների, այնպես էլ տնտեսությունների համար:
Այստեղ կարող եք ծանոթանալ խարդախությունների և զեղծարարությունների տեսակներին, դրանց վտանգների և վերջիններից խուսափելու կամ Ձեզ ապահովագրելու միջոցների մասին:
Ի՞նչ են խարդախությունն ու զեղծարարությունը
Խարդախություններն ու զեղծարարությունները խաբեության և մոլորեցման հնարքներ են, որոնք օգտագործում են Ձեր անձնական տվյալները՝ Ձեր գումարին տիրանալու համար կամ այլ կերպ վնասելու համար: Զեղծարարները ստեղծում են իրական թվացող տարբեր իրավիճակներ, որպեսզի Ձեզ մոլորության մեջ գցեն կամ հուզական ազդեցություն ունենան Ձեր վրա՝ ստիպելով ընկնել իրենց թակարդը: Խաբեության ու զեղծարարության տարածված տեսակներ են հեռախոսային ու առցանց խարդախությունները, ֆիշինգը, ներդրումային ու առցանց գնումների խարդախությունները և այլն:
Այսօր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկ տեղ զեղծարարներն ավելի հնարամիտ են դարձել իրենց խարդախ քայլերում, բայց գլխավոր նպատակը մնացել է նույնը. ստանալ Ձեր անձնական տվյալները: Այժմ նրանք, օգտագործելով արհեստական բանականությունը, նմանակում են վստահելի կազմակերպություններին, ինչպիսիք են բանկերը և հայտնի մարդիկ, որոնք վստահություն ունեն հասարակության մեջ: Սոցիալական ցանցերի ալգորիթմները նույնպես դարձել են զենք զեղծարարների ձեռքում, ինչը նրանց հնարավորություն է տալիս թիրախավորել կոնկրետ խմբի մարդկանց և տարածել ապատեղեկատվություն:
Զեղծարարությունն ավելի լայն տերմին է, որը վերաբերում է որևէ մեկին խաբելու կամ մոլորեցնելու միտումներին՝ անարդար կամ անազնիվ կերպով օգուտ ստանալու նպատակով: Այն ներառում է փաստերի միտումնավոր խեղաթյուրում ֆինանսական կամ այլ շահի համար: Այս տեսակի զեղծարարությունները ուղղված են ավելի լայն քանակով մարդկանց, այսինքն՝ ուղղված չեն կոնկրետ մի մարդու կամ կազմակերպության:
Խարդախությունները նույնպես սուտ ու մոլորեցնող հնարքներ են, սակայն ի տարբերություն զեղծարարությունների, թիրախավորում են կոնկրետ անհատներին կամ կազմակերպություններին: Խարդախությունները կոնկրետ մարդկանց թակարդը գցելու համար պատրաստված սխեմաներ են։ Խարդախությունների տեսակներ են զանգով խարդախությունները, երբ Ձեզնից ավել տվյալներ են ճշտում ու գցում ծուղակը, կոնկրետ մարդուն միտված ֆիշինգը և այլն։ Տեսակների մասին կարող եք ծանոթանալ մյուս բաժնում։
Խաբեբաները Ձեզ հետ կապվում են զանգով, էլեկտրոնային նամակով, առցանց հարթակներով, սոցիալական մեդիայով, հաղորդագրություններով (SMS) և այլն: Այսպիսի խարդախություններ են.
Հեռախոսային զեղծարարությունները. սրանք խաբուսիկ հեռախոսազանգեր են, որոնց միջոցով անհատները փորձում են մանիպուլյացիայի ենթարկել Ձեզ՝ անձնական տվյալները բացահայտելու ու Ձեր գումարները շորթելու համար:

Օրինակներ
- Բարև Ձեզ, Ձեր բանկից եմ Ձեզ անհանգստացնում, մենք թարմացնում ենք մեր տվյալների բազան, որ խնդրեմ Ձեր անձնագրի տվյալները կասե՞ք ․․․
- Բարև Ձեզ, ոստիկանությունից է, Ձեր քարտի վրա հարձակում են արել, մի քանի տվյալներ են պետք, որ ստուգենք, թե ովքեր են, ինչ ռիսկ կա ․․․ մեզ պետք է մոբայլ բանկինգի ծածկանունն ու գաղտնաբառը։
Ֆիշինգ. SMS-ով կամ էլեկտրոնային նամակով ստացված խաբուսիկ հաղորդագրություններ են, որոնք կարծես թե օրինական աղբյուրներից են (բանկեր, վարկային ընկերություններ, սոցիալական հարթակներ), սակայն դրանց գլխավոր նպատակն է Ձեզ ստիպել հետևել կասկածելի հղումների և բացահայտել իրենց անհրաժեշտ տվյալներ:
Օրինակներ
- Հարգելի հաճախորդ, Ձեր փոստային փաթեթը հասել է պահեստ։ Սակայն այն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար։ Խնդրում ենք 12 ժամվա ընթացքում հաստատել Ձեր հասցեն՝ անցնելով հետևյալ հղմամբ ․․․
- Մարդիկ հետևում են հղմանը, լրացնում անձնական տվյալներ, որոնց միջոցով խարդախները հափշտակում են նրանց գումարները։
- Բարև Ձեզ, ես ցանկանում եմ գնել առցանց առևտրի կայքում տեղադրած ապրանքը։ Բայց Երևանում չեմ ապրում, որ խնդրեմ, կարո՞ղ եք ինձ առաքել ապրանքը, եթե գումարը փոխանցեմ։
- Այո, իհարկե։
- Այդ դեպքում ուղարկեմ հղում, Ձեր տվյալները գրեք, որ գումարը փոխանցեմ։
Մարդիկ հավատում են, լրացնում քարտի տվյալները, այդ թվում՝ CVV կոդը, անձնագրի տվյալները ։ Կամ էլ այդ հղման միջոցով մտնում են իրենց մոբայլ բանկինգ, ու խարդախի ձեռքում է հայտնվում իրենց մոբայլ բանկինգի տվյալները, արդյունքում կորցնում են գումար, նրանց անունով ձևակերպվում են վարկեր և այլն։
Ներդրումային խարդախություններ. Շատ տարածված այս խաբեությունների պարագայում Ձեզ առաջարկում են անիրատեսական եկամուտներ, նոր հաճախորդների ներգրավման դեպքում՝ բոնուսներ:
Օրինակ՝
Հրաշալի առաջարկ, որը ոչ մի տեղ չեք գտնի։ Ներդրե՛ք մեր նոր հավելվածի միջոցով ամենաշահավետ բիզնեսներում ու կստանաք օրական 1-2% եկամուտ։ Սա կատակ չէ, սա իրական է։ Ավելին՝ ստացե՛ք պրոմո կոդ, ու ամեն նոր մասնակից, որը կմիանա Ձեր պրոմո կոդով, Ձեզ կբերի ավելի շատ տոկոսներ ու զեղչեր։
Խարդախություններ առևտրի կայքերի միջոցով. զգուշացե՛ք գործարքներից, որոնք չափազանց լավ են թվում իրական լինելու համար, հատկապես անծանոթ կայքերում: Խաբեբաները կարող են վերցնել Ձեր գումարը առանց ապրանքը առաքելու կամ ուղարկել էժան ու անորակ ապրանք:
Օրինակ՝
- Վճարե՛ք միայն առաքման համար, հեռախոսը ստացե՛ք անվճար։
- Շնորհավորում ենք, Դուք մեր կայքի 10 000-րդ հաճախորդն եք, շահել եք մեծ գումար։ Անցե՛ք հղմամբ, լրացրե՛ք Ձեր տվյալները և ստացե՛ք շահումը։
Անձնական տվյալների գողություն սոցիալական էջերի միջոցով. այս դեպքում խաբեբաները ստեղծում են կեղծ էջեր կամ կոտրում են իրականները՝ ապատեղեկություն տարածելու, գումար շորթելու, կեղծ ապրանքներ գովազդելու կամ անձնական տեղեկություններ հավաքելու համար:
Օրինակ՝
Կոտրում են կոնկրետ մարդու սոցիալական էջը ու գրում մոտ ընկերներին՝
- Ալլա ջա՛ն, բարև, ո՞նց ես։ Կներես, բայց մի բան պիտի շտապ խնդրեմ․ հորաքրոջս են այսօր վիրահատել, կարիքի մեջ ենք․ Կարո՞ղ ես ինձ շտապ մի քիչ գումարով օգնել, եթե ունես, մի 5 000 դրամ։
Բանկոմատներով (ATM) խաբեբայություններ. խաբեբաները բանկոմատների վրա տեղադրում են երկրորդ ստեղնաշար, սքիմմինգ (skimming) սարքեր՝ Ձեր քարտի տվյալները գողանալու համար: Երբեմն նաև ամբողջ բանկոմատն է կեղծ։
Վիճակախաղային զեղծարարություններ. Ձեզ հայտնում են, որ Դուք հեռավոր մի երկրի պետական վիճակախաղի խոշոր շահող եք։ Բայց հարկավոր է նախ վճարել շահման եկամտահարկը։ Հենց վճարում եք եկամտահարկը, լավ լուրը Ձեզ հայտնողն էլ, վիճակախաղն էլ, շահումն էլ հօդս են ցնդում։
Ֆիշինգային նամակներ գրելով, սոցիալական էջերից Ձեզ գրելով, հաղորդագրություններ (SMS) ու գովազդներ ուղարկելով՝ զեղծարարները դրդում են Ձեզ սեղմել կասկածելի հղումների վրա, կատարել կասկածելի գնումներ, տարօրինակ մեծ եկամտաբերությամբ ներդրումներ անել, և արդյունքում տիրանում են Ձեր փողերին ու անձնական տվյալներին:
Օրինակ՝ որևէ կայք այցելելիս կայքը Ձեզ «ուրախությամբ հայտնում է», որ Դուք հարյուր հազարերորդ այցելուն եք, և ունեք մեծ նվեր. միայն պետք է գրանցվել և տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները։ Նվերն այդպես էլ չի ստացվում, իսկ քարտային հաշվից գումարներ են գանձվում անհայտ անձանց կողմից։
Կամ փոստից նամակ եք ստանում, որ փաթեթ ունեք, պետք է անցնել հղմամբ ու լրացնել տվյալները՝ առաքումը կազմակերպելու համար։ Իսկ նամակում անհասկանալի հղում է, որը Ձեզնից անձնական տվյալներ է տանելու։
Զգու՛յշ եղեք գործարքներից, որոնք չափազանց լավն են թվում ճշմարիտ լինելու համար: Երբեք մի՛ կիսվեք անձնական տվյալներով։ Եթե արդեն տվել եք քարտային տվյալներ, ուրեմն անհապաղ բլոկավորե՛ք քարտը։ Ի դեպ, դա կարող եք արագ ու հեշտ կատարել մոբայլ բանկինգի միջոցով։ Հետագայում վերաթողարկե՛ք քարտը՝ թույլ չտալով կրկնել զեղծարարությունը։ Եթե տրամադրել եք անձնական տվյալներ, հայտնե՛ք այդ մասին ոստիկանությանը։
Ձեզ զանգահարում է «X» երկրի ֆոնդային բորսայում գրանցված «XXX» հեղինակավոր ներդրումային ընկերության ավագ բրոքերը և առաջարկում.
- Մենք ունենք Ձեզ համար բացառիկ բաժնետոմսեր․ նավթարդյունաբերական հսկան թողարկել է նոր բաժնետոմսեր` շուկայականից զգալի էժան և աննախադեպ բարձր եկամտաբերությամբ։ Առաջարկը գործում է մոտակա 2 ժամերի ընթացքում միայն 200 հոգու համար։ Ուզո՞ւմ եք լինել նրանցից մեկը։
Ձեզ «հեղեղում են» գեղեցիկ գրաֆիկներով ու բարդ տեքստերով, որոնք տպավորություն են թողնում, որ այդ ներդրումը ձեռքից բաց թողնելը ուղղակի հանցագործություն Է: Հետաքրքիր է, որ այսպիսի սխեմաների ժամանակ առաջին անգամ Ձեզնից պահանջում են անտրամաբանական փոքր գումար, որը ներդնելով` Դուք մեկ ամիս հետո ստանում եք հաշվի քաղվածք այն մասին, որ Ձեր ներդրումն աճել է, օրինակ՝ 28%-ով։
Դուք դեռ չեք հասցնի «մարսել» այս ուրախությունը, երբ կզանգի Ձեզ ծանոթ ավագ բրոքերը և կհայտնի, որ այդ նույն բաժնետոմսերից էլի կա վաճառքում, բայց հարկավոր է առնվազն մոտ 5 000 ԱՄՆ դոլարի նվազագույն գնում, և կա ընդամենը երկու օր ժամանակ։
Այսպիսի կեղծ զանգեր կարող եք ստանալ նաև իբր նախարարություններից ու այլ պետական կառույցներից ու պահանջել անձնական տվյալներ․
- Բարև Ձեզ, Սոցապ նախարարությունից է, մենք Ձեր տվյալներն ենք թարմացնում՝ կենսաթոշակային համակարգի համար։ Խնդրում ենք մեզ տրամադրել Ձեր անձնագրի ու սոցքարտի թվերը։

Հիշե՛ք, որ պետական մարմինները և բանկերը երբեք չեն զանգահարում՝ հեռախոսով անձնական տվյալներ ճշտելու համար: Խարդախներին այդ տվյալները տալով՝ վտանգում եք Ձեր ֆինանսական ու անձնական կյանքը․ Ձեր անունից կարող են վարկեր ձևակերպվել, քարտից գումարներ կորել, Ձեր անունից այլ գործարքներ կատարվել։
Անջատե՛ք այս զանգերը և մի՛ տվեք անձնական տվյալներ, իսկ եթե կասկածում եք, որ ճշմարիտ զանգ է, ուրեմն անջատե՛ք, զանգե՛ք պաշտոնական հեռախոսահամարով։
Մեկ այլ օրինակ․ Ձեզ զանգահարում են անծանոթ համարից, մյուս կողմում ձեր ընտանիքի անդամի հուզված ձայնն է՝
– Պա՛պ, ես հիվանդանոցում եմ, վթարի եմ ենթարկվել, շտապ գումար է պետք, բժիշկները չեն սպասի…
Ձայնը հստակ Ձեր դստերն է հիշեցնում, խոսքերը՝ անհանգստացնող։ Արյունը սկսում է արագ շարժվել երակներով, խուճապն ավելանում է։ Մտքով անգամ չանցնելով, որ սա կարող է խաբեություն լինել, շատերը պարզապես շտապում են բանկ՝ գումար փոխանցելու։
Ի՞նչ է իրականում կատարվում։ Խարդախները ձայնային արհեստական բանականությամբ վերլուծել ու կեղծել են Ձեր հարազատի ձայնը՝ ստեղծելով նրա ձայնի կրկնօրինակը։ Այնուհետև օգտագործում են այս ձայնը՝ Ձեր վրա հուզական ճնշում գործադրելու և հնարավորինս արագ Ձեր ֆինանսներին հասնելու համար։
Երբ ստանում եք անհանգստացնող զանգ՝ հուզական պարունակությամբ, մի՛ շտապեք, անջատե՛ք զանգը։ Ինքներդ զանգե՛ք տվյալ անձին կամ ընտանիքի անդամներին՝ ստուգելու համար տեղեկատվությունը։ Բացառեք անձնական կամ ֆինանսական տվյալների տրամադրումը հեռախոսով։ Եթե նույնիսկ ձայնը ծանոթ է՝ մի՛ վստահեք։
Խարդախները աշխատում են Ձեր զգացմունքների վրա։ Նրանք գիտեն՝ ինչն է Ձեզ համար թանկ, և հենց դա են օգտագործում։ Միշտ ստուգե՛ք և միայն հետո գործե՛ք։ Մի՛ դառնաք խարդախության զոհ։
Առցանց գնումները շատ հարմար են և արագ, բայց միևնույն է հարկավոր է դրանք անվտանգ կերպով կատարել: Անհավանական ցածր գները, անծանոթ կայքերը և աչքի ընկնող ու ագրեսիվ մարքեթինգը կարող են խարդախության նշաններ լինել:
Օրինակ՝ սոցիալական ցանցի էջով գալիս է գովազդ․ «Էքսկլյուզիվ» ժամացույցներ առաջարկող ինտերնետ-խանութը առաջարկում է գնել միանգամից տասը ժամացույց և դառնալ վաճառքի գործակալ` ներգրավելով նոր հաճախորդներ և վաստակելով գործակալական միջնորդավճար։ Պատվիրված ժամացույցները, սակայն, այդպես էլ չեք ստանում կամ ստանում եք հասարակ ժամացույցներ` կայքում գնահատված գնից մի քանի անգամ ավելի էժան և բոլորովին ոչ «էքսկլյուզիվ»:
Պետք չէ՛ դյուրահավատ լինել չափազանց լավը թվացող առաջարկների նկատմամբ։
Կրկին սոցիալական ցանցի էջով ստանում եք Ձեր փնտրած վերջին իրի մասին գովազդ։ Պատվիրում եք, բայց պարզվում է, որ ապրանքը գնացել է հեռավոր երկրի պահեստ։ Խնդրում եք, որ ուղարկեն Ձեզ, պարզվում է, որ այդ պահեստի մասին երկար ու բարակ գրել էին պայմանների մեջ, որը մեկ է չեք կարդացել։ Ստացվում է, որ մեղավորը Դուք եք, և որպեսզի Ձեզ ուղարկեն ապրանքը, պետք է հավելյալ վճարեք։ Դուք հրաժարվում եք, իսկ նրանք պահանջում են ավելի շատ գումար՝ պահեստից ապրանքը վերացնելու համար։
Այսպիսի դեպքեր սովորաբար պատահում են անհայտ, չճանաչված կայքերի ու էջերի պարագայում։

Գնումներ կատարե՛ք վստահելի ու ճանաչված հարթակներում: Ինքներդ browser-ում տպե՛ք առցանց գնման կայքը, փնտրե՛ք ապրանքը։ Կարդացե՛ք այլ գնորդների մեկնաբանությունները։ Ձեր անձնական տեղեկությունը լրացրե՛ք այն կայքերում, որոնց հասցեն սկսում է https://-ով, այլ ոչ թե http://-ով կամ այլ ձևերով, քանի որ s-ը security-ն է՝ անվտանգությունը: Խուսափե՛ք էլեկտրոնային նամակներում կասկածելի հղումներ սեղմելուց և զգուշացե՛ք սոցիալական ցանցերում գայթակղիչ գովազդներից: Օգտագործե՛ք բարդ գաղտնաբառեր և բազմագործոն նույնականացում:
Բարդ գաղտնաբառերը պարունակում են մեծատառ, փոքրատառ, տառեր, թվեր, նշաններ և հեշտ չէ դրանք գուշակելը։ Իսկ բազմագործոն նույնականացում նշանակում է, որ այդ կայք մտնելու համար պետք է մի քանի քայլ կատարել՝ գրել մուտքանուն, գաղտնաբառ, օգտագործել մատնահետք, face ID, ստանալ մեկանգամյա գաղտնաբառ ու մուտքագրել և այլն։ Եթե չկա նման հնարավորություն, ուրեմն պարբերաբար թարմացնել գաղտնաբառը։
Այսպես կդժվարեցնեք խարդախների աշխատանքը:
Հիշե՛ք, եթե ինչ-որ բան շատ լավ է թվում ճշմարիտ լինելու համար, հավանաբար ճշմարիտ չէ: Լինելով զգոն և տեղեկացված՝ կարող եք կատարել անվտանգ առցանց գնումներ:
Վերջերս շատ են նաև հանդիպում դեպքեր, երբ սոցիալական ցանցերում անհայտ անձիք անձնական նամակով գովաբանում են Ձեր էջը և առաջարկում, որ Դուք գովազդեք իրենց ապրանքը և արդյունքում եկամուտ ստանաք: Հետո խնդրում են գումարը փոխանցելու համար իրենց տրամադրել ֆինանսական տվյալներ։ Սակայն Ձեր անձնական տվյալները ստանալուց հետո, նրանք անհետանում են:
Սոցիալական ցանցերը դարձել են խաբեբաների գլխավոր որսի վայր: Այսպիսի զեղծարարությունները օր-օրի շատանում ու ավելի ստեղծարար են դառնում, սակայն իրենց հիմնական նպատակը մնում է Ձեր անձնական տվյալներին տիրապետելը ու Ձեզ ֆինանսապես վնասելը:
Սոցիալական ցանցերում տարածված մի քանի խարդախության տեսակներ.
Նմանակող էջեր. խաբեբաները ստեղծում են կեղծ պրոֆիլներ՝ նմանակելով իրական մարդկանց, հաճախ ընկերներին, ընտանիքին կամ նույնիսկ հայտնիներին: Նրանք կարող են այդ պրոֆիլներով Ձեր ընկերներից գումար խնդրել, ուղարկել ֆիշինգի հղումներ կամ ուղարկել կեղծ նվերներ/բաժանորդագրություններ (տարածված է հատկապես տելեգրամում), որոնց վրա սեղմելով՝ Ձեր ընկերները կհայտնվեն ֆինանսական ծուղակներում:
Անհապաղ զեկուցե՛ք այդ կեղծ էջի մասին սոցիալական էջի կազմակերպությանը կամ ահատին։ Կեղծ էջի մասին գրառո՛ւմ կատարեք Ձեր իրական էջում։
Գոյություն ունեցող էջերի կոտրում․ խաբեբաները կարող են կոտրել Ձեր էջերը, Ձեր՝ արդեն գոյություն ունեցող էջերից նամակներ գրել, բարեկամներից ու ընկերներից գումարներ խնդրել։
Այս իրավիճակից խուսափելու համար նախ լավ կլինի, որ Ձեր սոցիալական էջ մուտք գործելու համար նույնականացման մի քանի քայլեր ակտիվացնեք (2, 3 factor authentication), օրինակ՝ կայք մուտք գործելիս լրացնել մուտքանուն, գաղտնաբառ, կոդ՝ ստացված էլ․ նամակով կամ SMS-ով, Google authenticator-ով և այլն։ Իսկ եթե արդեն հայտնվել եք նման իրավիճակում, փորձե՛ք արագ փոխել գաղտնաբառը, գրառո՛ւմ կատարեք Ձեր էջում ու զգուշացրե՛ք այդ մասին ընկերներին։ Իսկ եթե խաբեբաները փոխել են գաղտնաբառը, չեք կարողանում օգտագործել էջը, նամակ գրեք սոցիալական էջի կազմակերպությանը, նրանց աջակցման կենտրոնին և խնդրե՛ք ընկերներին, որ զեկուցեն այդ մասին։
Ռոմանտիկ խարդախություններ. խաբեբաները ստեղծում են առցանց հարաբերություններ՝ Ձեր վստահությունը շահելու և ի վերջո գումար խնդրելու համար: Նրանք սովորաբար շատ ջերմ են լինում, հոգատարությամբ խոստանում են շուտով հանդիպել և անգամ խնդրում ֆինանսապես աջակցել հանդիպման հարցում՝ տոմս գնելու կամ այլ ծախսերը հոգալու համար գումար խնդրելով։
Եղե՛ք թերահավատ, խուսափե՛ք անձնական ու ֆինանսական տվյալներ փոխանցելուց։
Հարստանալու արագ առաջարկներ. խաբեբաները խոստանում են հեշտ գումար՝ քիչ ջանքերով: Դրանք կարող են ներառել կեղծ ներդրումներ, ֆինանսական բուրգի կամ տնից աշխատելու խարդախություններ, որոնք երբեք չեն իրականանում, արդյունքում Ձեզ ներքաշում են ֆինանսական հոսքի մեջ․ տվյալների հավաքագրում, առաջին ամսվա գումարի ուղարկում, մյուս մասի համար հավելյալ գումարի պահանջում և այլն։
Կան երկու նշաններ, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ, որ ներդրման առաջարկը խարդախություն է․ չափազանց բարձր եկամտի խոստում և շահավետ առաջարկ, որ նոր մարդկանց ներգրավեք։
Կեղծ աշխատանքային առաջարկներ. տարածված է նաև աշխատանքի անվան տակ իրականացվող խարդախությունը, երբ սոցիալական ցանցերում տեղադրվում են հայտարարություններ՝ գրավիչ աշխատավարձերով և ճկուն գրաֆիկով։ Մարդիկ հղումով անցնում են համապատասխան էջ և ընտրում են իրենց հետաքրքրող մասնագիտությունը։ Այնուհետև պահանջվում է անձնական և աշխատանքի ընդունման համար անհրաժեշտ բոլոր տվյալները, այդ թվում՝ անձնագրային, բնակության հասցե և այլն։ Վերջում, աշխատավարձի փոխանցման պատրվակով, պահանջվում է բանկային քարտի բոլոր տվյալները՝ ներառյալ CVV կոդը։ Այդպիսով, խաբեբաները ոչ միայն ստանում են Ձեր անձնական տվյալները, այլև կարող են ուղղակիորեն օգտվել Ձեր բանկային հաշիվներից։
Ուշադիր եղե՛ք՝ ոչ մի դեպքում մի՛ տրամադրեք Ձեր քարտի բոլոր տվյալները, հատկապես CVV կոդը, եթե համոզված չեք առաջարկի իսկության մեջ։ Ճշտե՛ք կազմակերպության անունը, ստուգե՛ք տվյալ կայքի կամ էջի արժանահավատությունը։
Կեղծ նվերներ և մրցույթներ. գովազդվում են հետաքրքիր մրցանակներ, բայց պահանջում են, որ Դուք կիսվեք անձնական տեղեկություններով, վճարեք հարկեր կամ սեղմեք կասկածելի հղումների վրա:
Անվճար պանիրը լինում է թակարդում։ Արագ հարստանալու մեծ ցանկությունը կարող է Ձեզ ֆինանսական լուրջ խնդիրների մեջ գցել։ Եղե՛ք խելամիտ ու թերահավատ անիրական ու վտանգավոր առաջարկների նկատմամբ։
Այս ցանկը կարող է դեռ ավելի երկար լինել, սակայն բոլոր ծուղակները ունեն գրեթե նույն զգուշացնող հատկանիշները՝ հրատապ որոշումների դրդելը, հեշտ փող և մեծ շահութաբերության հնարավորությունները և անսպասելի առաջարկներ անելը:
Այս կեղծիքներից հեռու մնալու համար երբեք մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալներն անծանոթ մարդկանց, ուսումնասիրե՛ք առաջարկողի հավաստի լինելը:
Ֆիշինգը շարունակում է մնալ ամենատարածված առցանց խարդախություններից մեկը, որն իրականացվում է մարդկանց անձնական տեղեկությունները ստանալու միջոցով:
Այս խարդախությունները հաճախ հայտնվում են SMS-ների, էլեկտրոնային նամակների տեսքով, Ձեզ գալիս են քողարկված, որպես օրինական ու հուսալի էլ. հաղորդագրություններ և նպատակաուղղված են առաջացնել հրատապության կամ վախի զգացում:
Օրինակ 1
Armenia post
Հայաստանի փոստային բաժանմունք․ հասցեի թերի լինելու պատճառով մենք չենք կարող ձեր ապրանքը հասցնել ձեր դուռը, խնդրում ենք լրացնել հասցեն՝
(Խնդրում ենք պատասխանել «1», ապա դուրս գալ SMS-ից, նորից բացել SMS-ի ակտիվացման հղումը կամ պատճենել հղումը՝ Safari-ում բացելու համար)
Հայաստան Փոստ

Օրինակ 2
Հարգելի՛ հաճախորդ,
Մենք նկատել ենք, որ Ձեր հաշվի նկատմամբ ֆինանսական հարձակումներ են տեղի ունենում։ Կանխելու նպատակով խնդրում ենք մոտակա 10 րոպեների ընթացքում հետևել այս հղմանը և մեզ փոխանցել Ձեր քարտի վրայի և դարձերեսի թվերը ու հաջորդ SMS-ով ստացվելիք գաղտնաբառը։
Նամակը կարող է նույնիսկ պարունակել համոզիչ պատկերանշան և պարունակել հղումներ, որոնք նման են իրական բանկի URL-ներին: Խուճապի մատնված՝ Դուք սեղմում եք հղման վրա և տեղափոխվում եք մի կայք, որը շատ նման է Ձեզ ծանոթ հայտնի կայքին: Չգիտակցելով խաբեության մասին՝ Դուք մուտքագրում եք Ձեր անձնական ու ֆինանսական տվյալները՝ անգիտակցաբար դրանք հանձնելով խաբեբային: Հաճախ այս տիպի խարդախությունները կազմակերպվում է օտարերկրացիների կողմից, տեքստում լինում են հայերենի բազմաթիվ սխալներ։ Սակայն պետք է նշենք, որ վերջին տարիներին այնքան են զարգացել թարգմանչական առցանց գործիքները, որ դժվար է տարբերակել՝ խարդախություն է, թե իրական։ Ուստի պետք է զգոն լինել, ամեն դեպքում չտալ տվյալներ։
Պարզապես անտեսե՛ք այն նամակները, որոնք Ձեզ հղումներ են ուղարկում, տվյալներ ուզում։ Միայն հղման վրա սեղմելն արդեն կարող է Ձեզ գցել ծուղակի մեջ։ Իսկ եթե կասկածում եք, որ ճիշտ է, միշտ կրկնակի՛ ստուգեք ուղարկողի էլ. փոստի հասցեն և սխալ գտնելու դեպքում կապվե՛ք այն կազմակերպության հետ, որտեղից իբրև ստացել եք նամակը:
Ֆինանսական բուրգը խարդախ սխեմա է, որն ստեղծում է գերշահույթ ստանալու պատրանք: Մարդկանց առաջարկում են գումար ներդնել աներևակայելի բարձր տոկոսադրույքներով, խոստանում «երաշխավորված» եկամուտ: Ֆինանսական բուրգի կազմակերպիչները մարդկանց խոսք են տալիս շատ արագ և հեշտ եղանակով ստանալ բարձր եկամուտներ, ավելին՝ այլ մարդկանց ներգրավելու դեպքում առաջարկում են հավելյալ բոնուսներ։
Օրինակ՝ Կարենն իր ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով սոցիալական ցանցերում առաջարկներ էր փնտրում: Սոցիալական ցանցերից մեկում նա հերթական անգամ տեսնում է գովազդ, որ արդեն մի քանի անգամ հայտնվել էր իր էջում: Այս անգամ նա որոշում է դիտել գովազդը, քանի որ հոլովակում խոսում էր իր սիրելի դերասանը։ Վերջինս գրավիչ բառերով ներկայացնում էր մի նոր հավելված, որի միջոցով հեշտ և արագ կարելի է փող աշխատել։ Կարենը, վստահելով առաջարկին, ներբեռնում է հավելվածը, գրանցվում համակարգում և հետևում բոլոր ցուցումներին։ Նա նույնիսկ հրավիրում է իր ընկերներին և մի գեղեցիկ օր չկա ոչ իր գումարը, ոչ էլ խոստացված գերշահույթը. ավելին, չկա նույնիսկ այն կազմակերպությունը, որին գովազդում էր իր սիրելի դերասանը:

Այժմ արհեստական բանականությամբ խարդախները կարող են պատրաստել տարատեսակ հոլովակներ, որոնցում ներառված են հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ և այլք։ Հեշտ է դրանց խաբնվելը, եթե չնկատեք, որ իրականում եկամտաբերությունն անիրական է, այդքան բարձր եկամուտ ոչ մի կազմակերպություն չի կարող առաջարկել։ Իսկ ինչպե՞ս է ստացվում այդ գումարը․ խարդախները կարող են Ձեզ բազմաթիվ գրաֆիկներ ցույց տալ, հեղեղեն տարաբնույթ նյութերով, սակայն պետք չէ դրանց հավատալ, պետք չէ ընկնել ծուղակը և գցել ծուղակը նաև այլ մարդկանց։
Մեր օրերում բրգաձև սխեմաները կարող են քողարկվել տարբեր եղանակներով, որոնցից են ներդրումների առաջարկները, որոնց արդյունքում Դուք որոշակի գումար եք վաստակում։ Հետո խարդախներն առաջարկում են ստանալ այդ գումարը կամ վերաներդնել։ Դուք համաձայնվում եք նորից ներդնել՝ ավելին ստանալու ակնկալիքով, սակայն արդեն ուշ է լինում։ Իսկ եթե ցանկանաք ստանալ գումարը, այդ դեպքում էլ Ձեզնից պահանջելու են անձնական տվյալներ ու կորզելու ավելի շատ գումար։
Այսպիսի թակարդներից խուսափելու համար պետք է օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ֆինանսական ծառայություններից: Միջազգային կազմակերպության դեպքում էլ ստուգե՛ք, որ այդ կազմակերպությունը գրանցված լինի բորսայում, փորձե՛ք կարծիք հավաքել այլ շահառուներից։ Եղե՛ք կասկածամիտ շատ լավ թվացող առաջարկներին դիմելիս: Երկար մտածեք՝ արդյոք այդ առաջարկը չափազանց գայթակղիչ չէ՞ իրական լինելու համար:
Իսկ եթե արդեն ընկել եք ծուղակը, դիմե՛ք իրավապահ մարմիններին։ Բարձրաձայնե՛ք այս մասին բոլոր հնարավոր եղանակներով, որպեսզի մյուսները ևս տեղեկանան խարդախների մասին:
Խաբեբաները կիրառում են տարբեր մեթոդներ՝ բանկոմատի կեղծ մասերի միջոցով քարտերի տվյալները գողանալու կամ գումար հափշտակելու համար։ Կան մի քանի կարևոր քայլեր, որոնք կօգնեն Ձեզ ապահովել Ձեր ֆինանսական անվտանգությունը։
Ընտրե՛ք ճիշտ բանկոմատ․ բանկոմատը ևս կարող է կեղծ մասեր ունենալ, այդ պատճառով օգտվե՛ք բանկի մոտակայքում գտնվող բանկոմատներից, քանի որ ավելի քիչ է հավանական, որ կլինեն վերահսկողությունից դուրս։ Խուսափե՛ք մեկուսացված վայրերում տեղադրված բանկոմատներից, հատկապես գիշերային ժամերին։
Նախքան օգտագործելը ստուգե՛ք բանկոմատը․ խարդախները հաճախ տեղադրում են սարքեր, որոնք գողանում են քարտի տվյալները։ Ուստի ստուգե՛ք այն մասը, որի միջոցով մուտքագրում եք քարտը, որպեսզի այն չունենա տարօրինակ կամ վնասված տեսք։ Ստուգե՛ք ստեղնաշարը, որպեսզի կրկնակի ստեղնաշար չլինի, որոնցից մեկը կարող է կեղծ լինել։ Ուշադի՛ր եղեք տեղակայված տեսանկարահանող սարքերին՝ մուտքագրված PIN-ը նկարահանելուց պաշտպանելու համար։ Ձեռքով փակե՛ք ստեղնաշարը PIN-ը մուտքագրելիս՝ կողքից հետևողներից պաշտպանվելու համար։ Օգտագործե՛ք բարդ PIN՝ խուսափելով հեշտ գուշակվող թվերից (օրինակ՝ 1234 կամ ծննդյան տարեթիվ)։
Մեր օրերում քարտային վճարումները դարձել են ամենօրյա կյանքի անբաժանելի մասը, բայց դրանց հետ մեկտեղ աճել են նաև խարդախությունների և կիբերհարձակումների վտանգները։ Զեղծարարները մշտապես գտնում են նոր մեթոդներ՝ քարտի տվյալները գողանալու համար։ Անհպում վճարումները (NFC – Near Field Communication, մեր բնակչության շրջանում ընդունված է ասել «wifi»-ով քարտ, բայց դա կապ չունի wifi տեխնոլոգիայի հետ) այսօր լայն տարածում ունեն և ապահովում են արագ և հարմարավետ գնումներ։ Սակայն դրանց տարածման հետ մեկտեղ աճում են նաև խարդախությունները։ Չնայած անվտանգության բարձր մակարդակին՝ խարդախները շարունակում են որոնել հնարավոր տարբերակներ։ Օրինակ՝ որոշ խարդախներ կարող են փորձել անհպում վճարումներ ընդունող սարքերով/ կեղծ POS տերմինալներով մոտենալ մարդկանց և կեղծ վճարումներ ընդունել։ Վճարումը կարող է միանգամից գանձվել։ Իսկ եթե մեծ գումարի մասին է խոսքը, և պետք է վճարումը SMS-ով եկած կոդով հաստատել, դա էլ կարող են կազմակերպել ֆիշինգ հարձակումներով․ Ձեզ ուղարկում են կեղծ SMS-ներ կամ էլ․ նամակներ՝ խնդրելով հաստատել անհպում վճարումը։
Ձեր ֆիզիկական քարտերը պահե՛ք անվտանգ, դրանք կարող եք այնպիսի դրամապանակներում պահել, որոնցից անհպում վճարման սարքը չի կարող գումար գանձել։ Իսկ վճարում կատարելու համար քարտը մոտեցնելուց առաջ ստուգե՛ք, որ գումարը ճիշտ լինի։ Կարող եք այնպես անել, որ յուրաքանչյուր անհպում վճարում պահանջի մատնահետք, Face ID կամ գաղտնաբառ։ Միացրե՜ք երկաստիճան նույնականացում (2 factor authetification)` անհպում վճարումների համար։ Սահմանե՛ք գումարի հնարավորինս ցածր շեմ, որից սկսած գործարքը հաստատելու համար պահանջում է PIN կոդ։ Եթե խանութում POS տերմինալը տարօրինակ է աշխատում կամ պահանջում է կրկնակի սկանավորում, ավելի լավ է վճարել այլ եղանակով։ Վերցրե՛ք գործարքը մերժելու մասին կտրոնը, որպեսզի հետագայում ապացույցներ ունենաք։ Թվային վճարումների համար ավելի անվտանգ է Apple Pay/Google Pay-ի օգտագործումը, քան անմիջապես ֆիզիկական քարտի NFC-ով վճարելը։
Մշտապես ստուգեք հաշվի մնացորդը, գործարքների պատմությունը և քաղվածքը՝ կասկածելի գործարքներն արագ նկատելու համար։ Միացրե՜ք ծանուցումները (SMS ծանուցում ստանալը)՝ NFC վճարումների մասին տեղյակ լինելու համար։
Եթե NFC վճարումը կատարվել է առանց Ձեր համաձայնության, անմիջապես կա՛պ հաստատեք Ձեր բանկի հետ և արգելափակե՛ք քարտը։ Վերաթողարկե՛ք քարտը, եթե կարծում եք, որ տվյալները կարող են լինել վտանգված։
Վերջին տարիներին կրիպտոակտիվները մեծ տարածում են գտել՝ ստեղծելով նոր հնարավորություններ տեխնոլոգիական աշխարհում։ Սակայն, դրանց հետ մեկտեղ աճել են նաև խարդախությունները և ռիսկերը։
Դիտարկենք մի քանի օրինակներ՝
Ֆիշինգային կայքեր․ ստեղծվում են կրիպտոակտիվների առք ու վաճառքի կամ փոխանակման հարթակների կեղծ տարբերակներ։ Օգտատերերն այդ կայքերում մուտքագրում են իրենց գաղտնի բանալիները և այլ տվյալներ, որոնք գողացվում են։ Հանդիպում են նաև կեղծ մրցութային նվերների (Airdrop scams) նամակներ, որոնք հայտնում են, թե ունեք նվեր, որը ստանալու համար պետք է անցնել հղմամբ ու մուտք գործել Ձեր կրիպտոակտիվի դրամապանակ։ Բայց եթե այդ հղմամբ լրացնեք Ձեր հավելվածի տվյալները, պարզապես Ձեր դրամապանակի տվյալները կփոխանցեք խաբեբաներին, իսկ նրանք կարող են փոխանցել Ձեր գումարն իրենց հաշիվներին։
Պաշտպանվելու համար առաջարկվում է ստուգել կրիպտոակտիվ առաջարկողի իսկությունը բլոկչեյնում և գնել միայն կարգավորված առևտրային հարթակներից կամ այն կազմակերպություններից, որոնք ունեն համապատասխան լիցենզիա։ Լիցենզիան կարող եք ստուգել թողարկող երկրում կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ու վերահսկող կառույցի կայքում, օրինակ՝ կենտրոնական կամ ազգային բանկի կայքում:
Միշտ ստուգե՛ք կայքի URL-ն, որ https://-ով, այլ ոչ թե http://-ով: Մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա, որոնք ստանում եք անծանոթ անձանցից։
Կեղծ կրիպտոակտիվներ․ հաճախ են շուկայում հայտնվում նոր կրիպտոակտիվներ թողարկողներ, որոնք կարճ ժամանակ անց անհետանում են։ Ներդրումային խելացի պայմանագիրը թույլ է տալիս հիմնադիրներին հանկարծակի հանել բոլոր միջոցները՝ թողնելով օգտատերերին դատարկ դրամապանակներով։
Շատ դժվար է տարանջատելը խարդախ գործիքներն իրական կրիպտոակտիվներից, այդ նպատակով ֆինանսիստներն առաջարկում են շատ ռիսկային գործիքներում ներդնել այնքան գումար, որքան որ պատրաստ եք կորցնել։
Պոնզի սխեմաներ կրիպտոակտիվների միջոցով (Ponzi & Rug Pulls)․ խաբեբաները մեծ եկամուտներ են խոստանում՝ կրիպտոակտիվների «նոր ու ծաղկող» բիզնեսում ներդրումներ կատարելու միջոցով։ Սակայն խաբեբաներն իրականում գումարը վերցնում են անձնական նպատակներով՝ առանց որևէ ներդրում կատարելու։ Նրանք հավաքում են մի կլորիկ գումար և անհետանում՝ առանց խոստացած ծառայություններն ու վաստակած գումարը տրամադրելու:
«Honey Pot», երբ կրիպտոակտիվի դրամապանակ կարելի է գումար մուտքագրել, բայց հանել՝ ոչ։ Այս դեպքում խարդախները վաճառում են կրիպտոակտիվներ, որոնք օգտատերերը հետագայում չեն կարողանում վաճառել այլ օգտատերերի։ Մեկ այլ տարբերակ է «Reentrancy Attack»-ը, որի միջոցով հաքերը չարաշահում է պայմանագիրը՝ կրկնակի կատարելով գումարի գանձում նույն գործարքի շրջանակներում։
Կեղծ փրկարարներ․ Ձեր կրիպտոհաշվի հետ կապված խնդրի մասին իմանալուց հետո Դուք կարող եք խուճապի մատնվել և կորցնել Ձեր զգոնությունը։ Խաբեբաները գիտեն դրա մասին: Նրանք կարող են ներկայանալ որպես վստահելի կայքի կամ կրիպտոշուկայի հաճախորդների աջակցության կազմակերպություն և Ձեզ առաջարկել օգնություն՝ Ձեր հաշվի հետ կապված խնդիրը լուծելու համար: Նրանք կխնդրեն Ձեզ հետևել հղմանը և մուտքագրել Ձեր անձնական տվյալները, կամ նույնիսկ հատուկ ծրագրերով հեռակա մուտք գործել Ձեր կրիպտոդրամապանակ։ Եթե Դուք ստանում եք նման հաղորդագրություն, անտեսե՛ք այն: Մտե՜ք ընկերության կայք կամ սոցիալական մեդիայի էջ և կապվե՛ք հաճախորդների սպասարկման ծառայության հետ իրենց պաշտոնական ուղիներով։
Ոչ մի դեպքում մի՛ կիսվեք Ձեր գաղտնի տեղեկություններով։ Մի' հաստատեք գործարքներ՝ առանց ստուգման, և միշտ կարդացե'ք, թե ինչ պայմաններ եք ընդունում։ Անհրաժեշտության դեպքում բաժանե՛ք Ձեր ակտիվները տարբեր դրամապանակների միջև՝ տարբեր օգտագործման նպատակների համար։ Օգտագործե՛ք բազմագործոն նույնականացում՝ Ձեր հաշիվները պաշտպանելու համար, օրինակ՝ մուտքանուն, գաղտնաբառ, մատնահետք, face ID, SMS-ով կամ էլ․ նամակով ստացված մեկանգամյա գաղտնաբառի կիրառում և այլն։
Վարկային խարդախությունը Հայաստանում բավականին տարածվել է և կարող է խորը ֆինանսական հետևանքներ ունենալ քաղաքացիների համար։ Արագության և հարմարավետության կողքին աճում է նաև ֆինանսական խարդախությունների ռիսկը։
Վարկային միջնորդներ․ սպառողները, չլինելով բավարար իրազեկված կամ լինելով կարիքի մեջ (վատ վարկային պատմություն, ֆինանսական վատ վիճակ), ինչպես նաև գայթակղվելով փողոցներում, կանգառներում և այլ վայրերում հանդիպող վարկային «հրապուրիչ առաջարկներով», հաճախ դիմում են ֆինանսական միջնորդների, որպեսզի արագ ու հեշտ վարկեր ստանան: Վարկային միջնորդները Ձեր անունից վարկ վերցնող, վարկային դիմում-հայտ լրացնող, ֆինանսական խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունները կամ անհատներն են։ Նրանք լիցենզավրված չեն և չեն վերահսկվում Կենտրոնական Բանկի կողմից։
Ամենահաճախը հանդիպում է, որ նրանք Ձեր անունից ձևակերպում են մեծ վարկ, բայց Ձեզ տրամադրում միայն մի մասը։ Լինում են դեպքեր, երբ առհասարակ Ձեզ գումար չեն տալիս։
Շատ հաճախ պահանջում են մանրամասն տեղեկատվություն Ձեր և Ձեր ընտանիքի անդամների մասին, որը հետագայում կարող են օգտագործել Ձեր իսկ դեմ, Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների անունից վարկ վերցնելով, երաշխավորող դառնալով և այլն։
Միշտ հիշե՜ք․ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկ տալու որոշումները կայացնում են Ձեր վարկունակության հիման վրա, ծանոթները այստեղ դեր չունեն: Այն, ինչ անում են վարկային միջնորդները, կարող եք անել նաև Դուք։ Ինքնուրո՛ւյն դիմեք վարկատու կազմակերպություններին, իսկ մինչ այդ համեմատե՛ք վարկերը www.fininfo.am Ֆինանսական տեղեկատուի միջոցով:
Վարկի ձևակերպում առանց անձի իմացության․ խարդախները երբեմն ձեռք են բերում անհատի անձնական տվյալները (անձնագրի պատճեն, սոցիալական քարտի համար, հեռախոսահամար, էլ․ հասցե) և օգտագործում դրանք վարկային կազմակերպությանը դիմում ներկայացնելու համար։ Խարդախը կարող է վարկ ստանալ անձի անունով՝ խարդախ սխեմաներ կիրառելով։ Երբեք մի՜ տրամադրեք ձեր անձնական տվյալները այլ անձանց։ Անձնագրի պատճենը, սոցիալական քարտի համարը կամ բանկային քարտի տվյալները պետք է տրամադրել միայն պաշտոնական կառույցներին՝ անհրաժեշտության դեպքում։ Վարկային հարցերում որևէ մեկին լիազորելուց առաջ անհրաժեշտ է ստորագրել իրավական ուժ ունեցող լիազորագիր։
Մոբայլ բանկինգի տվյալների գողություն․ բազմաթիվ քաղաքացիներ օգտագործում են բանկերի հավելվածները՝ հաշիվները կառավարելու, փոխանցումներ կատարելու և այլ նպատակներով։ Եթե բանկային հավելվածների մուտքը պաշտպանված չէ բարդ գաղտնաբառով կամ բազմափուլանի նույնականացմամբ, ապա հնարավոր է, որ զեղծարարը մուտք գործի հաշիվ, վերցնի կամ ձևակերպի վարկ և անմիջապես դուրս բերի գումարը։ Միշտ օգտագործե՜ք բարդ գաղտնաբառեր և մի քանի փուլերով նույնականացում՝ մուտքանուն, մատնահետք, face ID, SMS-ով կամ էլ․ նամակով ստացված մեկանգամյա գաղտնաբառի կիրառում և այլն։ Սա էապես կնվազեցնի այլ անձանց մուտք գործելու ռիսկը՝ նույնիկս գաղտնաբառի արտահոսքի դեպքում։
Եթե արդեն դարձել եք վարկային խարդախության զոհ, ապա դիմե՜ք իրավապահ մարմիններին։ Վարկեր վերցրեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություններից։ Ցանկը՝ Կենտրոնական բանկի կայքում www.cba.am:
Անհրաժեշտ է մտքում ունենալ որոշակի նախազգուշացնող նշաններ, որոնք հատուկ են խարդախության սխեմաներին, որոնք ցանկացած նոր իրավիճակում հեշտությամբ կօգնեն ճանաչել ծուղակները.
✔ Առաջարկը չափազանց գայթակղիչ է իրական լինելու համար, անվճար պանրի նման, որը միայն թակարդում է լինում:
✔ Ձեզ ուղարկում են հղումներ, ստիպում անցնել դրանցով ու տվյալներ լրացնել։
✔ Ձեզ խնդրում են տրամադրել Ձեր անձնական տվյալները՝ այս կամ այն նպատակով: Այդ թվում խնդրում են տվյալներ, որոնք վտանգավոր է այլոց փոխանցելը, օրինակ՝ CVV կոդ, որի պարագայում կարող են Ձեզնից գումար տանել, մեկանգամյա գաղտնաբառ (OTP), որը կվտանգի Ձեր մոբայլ բանկինգը կամ այլ գործիքներ, PIN կոդ, որի դեպքում կարող են քարտից գումար կանխիկացնել բանկոմատով, բանկային այլ գաղտնաբառեր։
✔ Մտածելու ժամանակը սուղ է, և ստիպված եք լինում արագ որոշում կայացնել՝ չհասցնելով հաշվի առնել բոլոր հանգամանքները, քանի որ առաջարկը գործում է միայն «հիմա» և վաղը կարող է արդեն ուշ լինել:
✔ Պահանջվում է նախապես որոշակի գումար վճարել՝ գործարքը սկսելու համար (տարբեր պատրվակներով` հաշվի բացում, սպասարկման վարձ, հարկային կանխավճար և այլն):
✔ Ձեզ հետ կապ են հաստատել անհայտ անձինք, որոնց Դուք երբեք չեք որոնել:
✔ Ձեզ հետ կապ հաստատած անձանց հետ հնարավոր չէ կամ դժվար է կապվել, չկա հեռախոսահամար կամ այն չի պատասխանում: Կա միայն էլեկտրոնային փոստ, իսկ տրամադրված հասցեն և տվյալները հնարավոր չէ որևէ կերպ գտնել կամ ստուգել։
Չնայած նրան, որ զեղծարարները օրեցօր ավելի են զարգացնում իրենց խարդախ սխեմաները, կան որոշ քայլեր, որոնք կարող են Ձեզ օգնել պաշտպանվել ցանկացած տեսակի զեղծարարություններից ու խարդախություններից: Դրանք են.
✔ Օգտվե՛ք միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ֆինանսական ծառայություններից: Եթե ներդնում եք միջազգային կազմակերպություններում, ստուգե՛ք, որ այն գրանցված լինի այդ երկրի կամ տարածաշրջանային բորսայում։
✔ Երբեք մի՛ պատասխանեք նամակներին, որոնք Ձեզնից գումար կամ անձնական տեղեկատվություն են պահանջում:
✔ Խուսափե՛ք կասկածելի, գովազդային կայքերից ու հղումներից:
✔ Բանկային գործարքների հետ կապված գործողություններ կատարելիս խուսափե՛ք հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից և համացանցից:
✔ Երբեք ոչ ոքի մի՛ տրամադրեք Ձեր PIN կոդը, մեկանգամյա գաղտնաբառերը, այլ գաղտնաբառեր։ Իսկ քարտի CVV կոդը մուտքագրեք միայն վստահելի կայքերում և այն դեպքում, երբ պետք է քարտից գումար գանձեն։
✔ Բանկային քարտի Պին կոդը բանկոմատի մոտ հավաքելիս ուշադի՛ր եղեք, որ ոչ ոք չտեսնի։ Եթե թվատախտակի վրա չկա պաշտպանական շերտ, ապա ինքներդ ձեռքով փակե՛ք այն:
✔ Բանկային հաշիվների թղթային քաղվածքները առանց պատռելու մի՛ նետեք աղբարկղը: Իսկ էլեկտրոնային տարբերակը պահե՛ք անվտանգ վայրում։
✔ Օգտվե՛ք գումարի շարժի վերաբերյալ sms ծառայությունից. այսկերպ մշտապես կարող եք տեսնել քարտի գումարի շարժը և նկատել գումարի արտահոսքը:
✔ Սահմանափակե՛ք գործարքների քանակը․ Դուք կարող եք սահմանափակել այն քանակը, որի չափով կարող է միաժամանակ գործարք կատարվել Ձեր քարտով։ Այդկերպ կխուսափեք փոքր գումարներով բայց շատ քանակի զեղծարարություններից։
✔ Տարին մեկ անգամ անվճար ստուգե՛ք ձեր վարկային պատմությունը. այսպես կբացահայտեք ձեր անունից վարկ վերցնելու դեպքերը:
✔ Գայթակղիչ առաջարկներ ստանալիս հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ արդյոք առաջարկը շատ լավը չէ՞ իրական լինելու համար:
Ֆինանսական կեղծիքների տեսակների մասին իմանալը իհարկե շատ կարևոր է, բայց նաև անհրաժեշտ է հասկանալ որտեղից են գալիս այդ զեղծարարությունները: Այսօր տեխնոլոգիան իր զարգացման պիկում է, նույն կերպ էլ ֆինանսական ծուղակներն են օրեցօր զարգանում ու կատարելագործվում: Կան ծուղակների մի քանի հիմնական աղբյուրներ.
Էլեկտրոնային փոստը. հաճախ գալիս են տարաբնույթ էլեկտրոնային նամակներ: Նամակով գայթակղում են հսկայական հարստություն ստանալու խոստումներով՝ որոշակի հարկերի և միջնորդավճարներ կատարելու դիմաց: կամ էլ առաջարկում են մեծ եկամուտ, որը կարող եք ստանալ կամ վերաներդնել։ Իսկ ստանալու համար պահանջում են անձնական ու ֆինանսական տվյալներ, որոնք ստանալով Ձեզ գցում են ծուղակը։
Սոցիալական կայքերով. կեղծարարները, օգտագործելով սոցիալական կեղծ էջեր կամ կոտրելով արդեն եղած էջերը, փորձում են խլել գումար կամ անձնական տվյալներ՝ Ձեր իսկ դեմ օգտագործելու համար: Սոցիալական կայքերը շատ խոցելի են, քանի որ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում այս հարթակներում, և զեղծարարները, օգտագործելով օգտատերերի անձնական նախընտրությունները, ստեղծում են անհատականացված կեղծիքներ:
Բարեգործության համար գումարի տրամադրումով. խարդախներն այս դեպքում ներկայանում են օրինական գործող բարեգործական ընկերությունների անունից: Շահարկում են կարեկցանք առաջացնող իրավիճակներ՝ միտված լինելով անձնական տեղեկություն ստանալ:
Ինտերնետում էջեր բացելիս. այսպիսի մի ծուղակի օրինակ է արտասահմանյան վիճակախաղի շահումները: Պատկերացրե՛ք՝ մուտք եք գործել որևէ կայք, որտեղ հայտնվում է պատուհան, որում գրված է, որ կայքի հարյուրհազարերորդ այցելուն եք, ինչի համար ստանալու եք խոշոր դրամական մրցանակ: Մրցանակը ստանալու համար պետք է զանգահարեք ինչ-որ հեռախոսահամարով: Զանգահարելուց հետո զրույցի ընթացքում պարզվում է՝ մրցանակը ստանալու համար պիտի վճարեք եկամտային հարկ: Եկամտային հարկի գումարն իրենց ուղարկելուց հետո խարդախներն անմիջապես անհետանում են:
Տարբեր կազմակերպություններից. այսպիս օրինակ է աշխատանքի կամ բիզնես առաջարկներ: Ձեզ կարող են զանգահարել կամ էլեկտրոնային նամակով կապվել և առաջարկել նվազագույն ջանքերով, առանց աշխատանքային փորձի, հեշտությամբ գումար վաստակելու հնարավորություն: Աշխատանքին գրանցելու համար պահանջում են անձնական տվյալներ, որոնց հիման վրա Ձեզնից գումարներ են կորզում։
Եթե արդեն ընկել եք ֆինանսական փորձանքի մեջ, անմիջապես դիմե՛ք իրավապահ մարմիններին՝ հետագա կորուստներից խուսափելու և խարդախներին պատասխանատվության ենթարկելու համար: Հաջորդ քայլով դադարեցրե՛ք շփումը խարդախների հետ և փոխե՛ք գաղտնաբառերը, բլոկավորե՛ք բանկային քարտերը, եթե կասկածելի գումարի ելք եք տեսնում: Այնուհետև վերաթողարկե՛ք քարտը՝ հետագա խարդախությունները բացառելու համար։ Ինչպես նաև հարկավոր է այդ մասին տեղեկացնել նաև Ձեր հարազատներին և ծանոթներին, որպեսզի նրանք ևս չդառնան ֆինանսական խարդախության զոհ:
Չգրված կանոններ

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։