ԱՅՍԵԿ (AIESEC) միջազգային կազմակերպության և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից համատեղ ապրիլ-մայիս ամիսներին
անցկացվում է պատանիների և երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված «Ֆլայ» (Fly) ծրագիրը:
Այս տարի
մեր սիմինարավարները 6-ն են, որոնցից երեքն արդեն ավարտել են դասընթացները և այժմ իրենց
տպավորություններով կիսվում են Ձեզ հետ:
- Ռումինիայից ժամանած Սոնյան ավարտել է Նիդեռլանդների
Բիզնեսի կառավարման համալսարանի բակալավրիատը, պլանավորում է
շարունակել կրթությունը մագիստրատուրայում: Կամավորական հիմունքներով երկրորդ անգամ
է Հայաստանում, բայց, ինչպես ոգևորությամբ խոստովանում է, ոչ վերջին: Սոնյան դասընթացներ է վարել մի քանի ուսումնական հաստատություններում, որոնց թվում են Եվրասիա համալսարանը, Աբովյանի N1 դպրոցը և Երևանի պետական համալսարանը: Իր դասընթացներին մասնակցել են
շուրջ հարյուր աշակերտներ և ուսանողներ: Մասնակիցը նշում է. «Աշակերտները
սովորեցին առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները, հասկացան դեբիտային և կրեդիտային քարտերի տարբերությունը, հնարավորություն ունեցան
արտահայտվել անգլերենով և այլն: Այնպես որ, FLY անունը լսելիս, հիշե՛ք, որ արժե մասնակցել»: Ի հավելումն՝ Սոնյան նշում է, որ Հայաստանը անչափ գրավել է
իրեն, և նա անպայման կայցելի և ավելի երկար ժամանակ կանցկացնի տարբեր քաղաքներում:
- Բելառուսից ժամանած Դանան ավարտել է Բելառուսի
պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսների ֆակուլտետը: Ուսումնական տարբեր ծրագրերով
եղել է Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում: Նա FLY ծրագրի
ընթացքում տարել է ոչ ֆորմալ մեթոդներով խմբային աշխատանքներ՝ կիսելով իր փորձը ծրագրի
մասնակիցների հետ: Դանան նշում է, որ ուսանողների
հետ այս շաբաթների ընթացքում շփումը արձանագրել է անգլերենի իմացության բարձր մակարդակ, որն իրեն հաճելիորեն
զարմացրել է: Ուսանողների համար անցկացրած թրեյնինգներն ու սեմինարները կարևոր շարժառիթ
էին ժամանակակից կրթական մեթոդները յուրացնելու և հետագայում իրենց պրակտիկայում կիրառելու
գործում: Դանան շատ տպավորված էր Հայաստանով և ամենայն նորը կլանելու պատրաստ հայ երիտասարդ
սերնդով:
Սոնյան և Դանան շնորհակալ են բոլոր կրթական հաստատությունների
ղեկավարություններին, մասնակիցներին և կազմակերպչական թիմին:
- Հաջորդ մասնակից Մեհմեթը` Կոսովոյից, դասընթացները անցկացրել
է Գյումրիում: Մեհմեթի դասընթացներին Գյումրիում մասնակցել են ավելի քան 30 աշակերտներ:
Այստեղ ևս աշակերտներն ու ուսանողներն ծանոթացան ֆինանսական
կառույցներին և դրանց գործառույթներին, անձնական բյուջեն ճիշտ կառավարելու, խնայողություններ
կատարելու հմտություններ ստացան, հասկացան՝ ինչպես է պետք կատարել իրազեկ ընտրություն, պաշտպանել իրենց ֆինանսական
շահերը և իրավունքները: Կոսովոյի մասնակիցը ծրագրի շրջանակներում
հասցրել է տարվել Հայաստանով և ճանապարհորդել մարզերով: Նա փաստում է, որ սա վերջին
անգամը չէ, որ նա Հայաստանում է: Նա ևս իր երախտագիտության խոսքն է փոխանցում դպրոցների
ղեկավարներին, մասնակիցներին և կազմակերպիչներին:
Ծրագրի հետագա հաջողություններին
հետևեք հաջորդ նորություններում:
Եվ վերջում հիշեցնենք, որ
FLY ծրագիրն արդեն 3 տարեկան է, որն իրականացվում է AIESEC-ի և ՀՀ կենտրոնական բանկի
ջանքերով:
Ամեն տարի այն ընդգրկում է
Երևանի և մարզերի շուրջ 400 դպրոցականներ և ուսանողներ, որոնց միավորում է ֆինանսների
ոլորտում նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու ձգտումը:
AIESEC-ը 127 երկրներում գործող,
ավելի քան 100 000 ակտիվ անդամներով աշխարհում ամենաակտիվ երիտասարդական կազմակերպությունն
է, որը միջազգային հարթակ է ապագա առաջնորդների համար:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697էլ-փոստ.