ABCFinance թիմը 2016-2017 ուսումնական տարին սկսեց Արցախում։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 3-ից 13-ը Արցախի հանրակրթական դպրոցների սաները, ուսանողները այցելում են և դեռ կարող են այցելել Ստեփանակերտի՝ Մշակույթի և երիտասարդության պալատում տեղակայված ցուցադրությունը, տեսնել Արտաշեսյան և Հայոց Կիլիկիան թագավորությունների, Արտաշատի քաղաքային դրամները (1-ին դար), Ղարաբաղի խանության մետաղադրամները, Ռուսաստանի Կայսրության և ԽՍՀՄ, Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Հանրապետության թղթադրամների և մետաղադրամների, ինչպես նաև հուշադրամների և հուշամեդալների թողարկումները։
Աշակերտներն ու ուսանողները ծանոթանում են Կենտրոնական բանկի գործառույթներին, մասնավորապես՝ հիմնական 2 խնդիրներին՝ գների կայունության ապահովմանն ու ֆինանսական համակարգի կայունությանը։
Այնուհետև ՀՀ կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի աշխատակիցները նրանց են ներկայացնում անձնական ֆինանսներն արդյունավետ կառավարելու գործնական հնարքները․ ինչպես ճիշտ օգտագործել վճարային քարտերը, խնայել և խելամիտ տեղաբաշխել դրանք, կիրառել վարկերը միայն անհրաժեշտության դեպքում, ժամանակին մարել դրանք, չդառնալ ֆինանսական զեղծարարությունների զոհեր, կատարել ֆինանսական հիմնավորված ընտրություններ և այլն։ Սեմինարների մասնակիցները պատասխանում են հարցերի, ստանում խրախուսական մրցանակներ, ինչպես նաև իրենց հետ վերցնում ֆինանսական տարբեր թեմաներով բրոշյուների, գրենական պարագաների փաթեթներ։
Հետաքրքրվողները կարող են ստանալ նաև դրամագիտական խորհրդակցություն։
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697
էլ-փոստ.
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։