Նախ որոշե՛ք, թե ինչ նպատակով եք ցանկանում ձեռք բերել վճարային քարտ, և ինչ տեսակի քարտ է Ձեզ անհրաժեշտ.
✔ Եթե այդ քարտով նախատեսում եք ստանալ աշխատավարձ, որը վճարվելու է հայաստանյան գործատուի կողմից, ինչպես նաև գումար կանխիկացնել կամ գնումներ կատարել բացառապես հայկական վաճառքի կետերում, ապա «ArCa» քարտը Ձեզ համար կարող է շահավետ տարբերակ լինել:
✔ Եթե այդ քարտն օգտագործելու եք արտասահմանում կամ առցանց գնումներ եք կատարելու արտասահմանից, ապա պետք է դիտարկել MasterCard-ի, VISA-ի և միջազգային այլ վճարային քարտերի տարբերակները:
Վճարային քարտերը համեմատելու և ամենահարմար տարբերակն ընտրելու համար կարող եք օգտվել Ձեզ առաջարկվող միջոցներից.
✔ Ֆինանսական տեղեկատու (fininfo.am). մուտքագրելով անհրաժեշտ վճարային քարտի տվյալները՝ կստանաք այդ պահին առկա քարտերի առաջարկները, կկարողանաք հեշտորեն համեմատել և ընտրել ամենահարմար տարբերակը:
✔ Բանկերն իրենց կայքէջերում հրապարակում են վճարային քարտերի վերաբերյալ տեղեկատվություն, որը կօգնի որոշում կայացնելիս:
Երբ արդեն ընտրել եք բանկն ու քարտի տեսակը՝
✔ Ուշադի՛ր լրացրեք ձեր տվյալները, օրինակ՝ ցանկանում եք հաշվի քաղվածքները ստանալ էլեկտրոնային նամակի տեսքո՞վ, թե՞ առձեռն՝ բանկի տարածքում ինքնուրույն ստանալու միջոցով: Վերջին տարբերակն ընտրելու դեպքում իմացե՛ք՝ մինչև չներկայանաք բանկ և չպահանջեք քաղվածքը, բանկը պարտավոր չէ այն Ձեզ տրամադրել այլ եղանակով: Եթե չվերցնեք քաղվածքը և չստուգեք Ձեր կատարած գործարքները, ապա մեծանում է հավանականությունը, որ զեղծարարություն տեղի ունենալու դեպքում անտեղյակ կլինեք, իսկ սխալների առկայության պարագայում չեք կարողանա ուղղել դրանք:
✔ Մինչ պայմանագիր կնքելը ուշադի՛ր և մանրամա՛սն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագրի կետերի չիմացությունը Ձեզ չի ազատում պատասխանատվությունից: Մասնավորապես՝ ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին.
Հիշե՛ք՝ Դուք իրավունք ունեք բանկից պահանջելու այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվում են Ձեր պայմանագրի պայմանները:
✔ Ակտիվացրե՛ք քարտային հաշվում գումարի շարժի դեպքում հաղորդագրություն (SMS) ստանալու ծառայությունը. Դուք ինքներդ եք որոշում գումարի այն սահմանաչափը, որը գերազանցող գործարքի դեպքում կստանաք հաղորդագրություն (SMS)՝
Այս ծառայությամբ կվերահսկեք Ձեր գործարքները, կբացառեք առանց Ձեր իմացության որևէ գործարքի իրականացում:
✔ Պայմանագիրը ստորագրելիս Ձեզ հնարավորություն է տրվում ընտրելու քարտային հաշվի քաղվածքի ստացման եղանակը: Ընտրե՛ք քաղվածքներն էլ. փոստով ստանալու հնարավորությունը, որպեսզի կարողանաք հեշտությամբ վերահսկել Ձեր գումարի շարժը:
✔ Ձեզ հնարավորություն է տրվում ինքնուրույն ընտրելու Ձեր քարտի համար սահմանաչափեր՝ թե, օրինակ, առավելագույնը որքան գումարի գործարք կարող եք կատարել Ձեր քարտային հաշվով:
✔ Խարդախություններից խուսափելու համար կարող եք սահմանափակել նաև միանգամից կատարվող գործարքների քանակը։ Օրինակ՝ խարդախները չկարողանան 3 անգամից ավել գործարք անել Ձեր քարտով։
✔ Եթե ունեք այլ հարցեր, ապա դիմեք բանկին՝ նախքան պայմանագիրը կնքելը: Վերջինս Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ կտրամադրի տեղեկատվություն:
Պայմանագիրը ստորագրելուց հետո անպայման վերցրեք պայմանագրի Ձեր օրինակը և պահպանեք ապահով տեղում:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։