Վճարային քարտերով գործարքների իրականացումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով, քարտը տրամադրող բանկի հետ կնքված պայմանագրով և տվյալ բանկի ներքին ընթացակարգերով:
Ձեր իրավունքները բանկերի կողմից ոտնահարվելու դեպքում անհրաժեշտ է դիմել՝
✔ Բանկին. կարող եք գրել դիմում, որին բանկը պետք է պատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպքում բանկը պարտավոր է տեղեկացնել այդ մասին Ձեր առաջարկած հաղորդակցման տարբերակով (էլ. նամակ, փոստային նամակ): Դիմում-պահանջ ներկայացնելու համար կարող եք օգտվել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկից:
✔ Եթե բանկից ստացած պատասխանը Ձեզ չի գոհացնում, դիմեք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ , որի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ: Հաշտարարին կարող եք դիմել գույքային պահանջների պարագայում, այսինքն՝ եթե կրել եք գույքային/դրամական վնաս: Այս դեպքում կարևոր է նաև, որ գումարային պահանջը չգերազանցի 10 միլիոն ՀՀ դրամը և ունենա մեկ տարուց պակաս վաղեմություն: Հաշտարարի միջնորդությամբ խնդիրը սովորաբար լուծում է ստանում 28 օրվա ընթացքում:
✔ Կարող եք դիմել նաև դատարան, սակայն հիշե՛ք, որ դատարանից հետո այլևս չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Բացի այդ՝ դատական գործընթացը երկար և ծախսատար կարող է լինել:
Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ կայքի «Իրավունքներ» բաժնում:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։